հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կալանքը ոչ պատժիչ միջոց է, ոչ էլ ցուցմունքներ ստանալու միջոց․ ԲԴԽ նախագահը՝ Ալեն Սիմոնյանի հարսի կալանքի մասին

Կալանքը ոչ պատժիչ միջոց է, ոչ էլ ցուցմունքներ ստանալու միջոց․ ԲԴԽ նախագահը՝ Ալեն Սիմոնյանի հարսի կալանքի մասին

Կան որոշ դեպքեր, երբ կալանքը որպես խափանման միջոց անհասկանալի է․ կա մտավախություն, որ կալանքը երբեմն ցուցմունք կորզելու, հաճախ պատժիչ մեթոդ է կիրառվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում ասաց ՔՊ-ական Սոնա Ղազարյանը՝ հարցն ուղղելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին։

«Ես՝ որպես 2 տարեկան երեխայի մայր, սարսափած եմ վերջերս տեղի ունեցած մի շարք դրվագներով, որը ոչ միայն վերաբերում են «Սիներջիի» աշխատակիցներից երկուսին, այլ մինչեւ այդ էլ իմացա, որ Տաթեւ Արցախցու կատմամբ նույնպես կալանքն է ընտրվել որպես խափանման միջոց՝ հաշվի չառնելով որ կա անչափահաս երեխա։ Ինչպե՞ս կարող ենք սրա դեմն առնել»,- նշեց Սոնա Ղազարյանը։

Անդրեասյանն ասաց, որ հարցի մեջ արդեն անձեր են, եւ ինքը կխուսափի մեկնաբանելուց․ «Հարցի մեջ արդեն կոնկրետ օրինակ է։ Ինչքան էլ մեզ մտահոգի իրավիճակը, երբ ես դրա մասին խոսում եմ, դա կարող է լինել կոպտագույն օրենքի խախտում, դա կարող է ընկալվել որպես ճնշում դատավորի վրա։ Այս ամբիոնից թե՛ իմ խոսքը, թե՛ ձեր խոսքը կարող է վտանգավոր դառնալ օրինականության տեսանկյունից։  Կալանքը ոչ պատժիչ միջոց է, ոչ էլ ցուցմունքներ ստանալու միջոց։ Ցանկացած նման պրակտիկա անթույլատրելի է։ Որպեսզի պատգամավորների մոտ չլինեն հիասթափություններ, իսկ դատական համակարգն էլ խմբային չպախարակվի, մի լուծում կա բոլոր մեզ անհանգստացնող առանձին գործերով հորդորենք կողմերին՝ օգտվել ձեր իսկ ընդունած օրենսդրությունից, դիմել վարույթ հարուցող մարմիններին, էթիկայի հանձնաժողովին, եւ Արդարադատության նախարարին, որպեսզի հասկանանք որեւէ դատավոր շեղվե՞լ է իրավակիրառ պրակտիկայից»,- նշեց Անդրեասյանը։

Ղազարյանի հարցին՝ արդյո՞ք օրենսդրական բացի հետ գործ ունենք, ԲԴԽ նախագահն ասաց․ «Հնարավոր է սահմանել չափանիշ, որ կալանքը միջին ծանրության հանցագործությունների դեպքում խափանման միջոցի ընտրության հարցում անչափահաս երեխաների խնամքը չպետք է լինի հիմք։ Սա օրենսդրությամբ լիարժեք կարգավորված է, ես խորին համոզում ունեմ, որ օրենսդիրը այս հարցում այլեւս անելիք չունի։ Այս հարցում Վճռաբեկ դատարանն էլ բավականին մեծ ճանապարհ է անցել, եւ ձեւավորել է այնպիսի նախադեպային իրավունք, որը հստակ տալիս է, բայց ամեն գործով, ամեն իրավիճակում դատավորը միեւնույն է ունենալու է հայեցողության շրջանակ, մենք դա վերջնական խլել դատավորից չենք կարող»։

  • Կիսվել: