երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արտակարգ դեպք Հրազդանի դատարանում․ դահլիճի պատուհանից մեղադրյալն իրեն ցած է նետել և փախել

Արտակարգ դեպք Հրազդանի դատարանում․ դահլիճի պատուհանից մեղադրյալն իրեն ցած է նետել և փախել

Օգոստոսի 20-ին փախուստի դեպք է տեղի ունեցել դատարանի դահլիճից։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը՝ մանրամասնելով, որ ժամը 11։20-ի սահմաններում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրից փախուստի է դիմել Դիլիջան քաղաքի բանկիչ 37-ամյա Էդգար Ա․-ն։

Նրան դատարան էին տեղափոխել անձի առևանգում մեղադրանքով, և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես կալանք խափանման միջոց կիրառեր։

Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշումը հրապարակում է, և որոշման օրինակը ստանալուց հետո դատարանի կարգադրիչների ներկայությամբ դատական նիստերի դահլիճից դեպի շենքի հետնամաս նայող պատուհանից Էդգար Ա․-ն իրեն ցած է նետում և դիմում փախուստի։

Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, և փախուստի դիմածին հայտնաբերելուց հետո պետք է տեղափոխեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: