հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հատիս» նախաձեռնությունը Ծառուկյանի կողմից Քրիստոսի արձան-համալիրի կառուցման հարցով դիմել է դատախազություն

«Հատիս» նախաձեռնությունը Ծառուկյանի կողմից Քրիստոսի արձան-համալիրի կառուցման հարցով դիմել է դատախազություն

«Հատիս» նախաձեռնությունը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման հարցով դիմել է դատախազություն։ Այս մասին իր ֆեսյբուքյան էջում հայտնել է նախաձեռնության անդամ Գարեգին Միսկարյանը։

«Հանրային հաշվետվություն Հատիսի գործով.

Քանի որ վերաքննիչ վարչական դատարանն էլ որոշեց, որ մենք Հատիս լեռան պահպանման հարցում շահառու կողմ չենք և մեր հայցը քննության չառավ, էսօր դիմեցի գլխավոր դատախազություն:

Վարչականով չեղավ, քրեականով կհասնենք արդարության: Հայաստանում օրենքի առաջ բոլորը պիտի հավասար լինեն: Արտոնյալներ պիտի չլինեն»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Միսկարյանը Tert.am-ին հայտնել էր, որ նախաձեռնության անդամները պատրաստվում են հայց ներկայացնել դատարան՝ պահանջելով անօրինական ճանաչել Ակունքի համայնքապետարանի կողմից Հատիս լեռան տարածքի օտարումը և  քրեական վարույթ նախաձեռնել լեռանը վնաս պատճառողներին գտնելու համար։ 

«Հայաստանն իրավական պետություն է, իսկ օրենքն արգելում է բնության հուշարձանների օտարումը, և մենք համարում են, որ ապօրինի գործարք է տեղի ունեցել, ավագանին ապօրինի որոշում է կայացրել, կայացրել է որոշում, որի իրավունքը չուներ։ Ես իմ անունից հայտարարել եմ, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարի, որ հրաժարվում է արձանի կառուցման գաղափարից, դատական գործընթաց չի սկսվի, եթե ոչ՝ կդիմենք դատարան»,- ասել էր նա։

Միսկարյանը նշել էր նաև, որ եթե արձանը կառուցելու նախաձեռնությունից հրաժարվեն, դատարան չեն դիմի և կմնա լուծել վնասների փոխհատուցման և մեղավորների բացահայտման հարցը, որին, ընթացքում կհասկանան, թե ինչ լուծում է հնարավոր տալ։

  • Կիսվել: