Բարձր կարգն ապացուցված է. Ծառուկյանն առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց Ռուֆիին
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում՝ «Crypto.com» արենայում, կայացել է խառ մենամարտերի (MMA) UFC 331 խոշոր մրցաշարը, գրում է armsport.am-ը:
Երեկոյի երկրորդ գլխավոր (co-main event) իրադարձության շրջանակում օկտագոն էին դուրս եկել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանն ու բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին։
Դիմակայությունն ավարտվել է հայ մարտիկի փայլուն հաղթանակով՝ հենց առաջին ռաունդում։ Մեկնարկային 5-րոպեանոց հատվածի ավարտից ընդամենը վայրկյաններ առաջ Ծառուկյանը մրցակցին սեղմել է ցանցին և արմունկի երկու հաջորդական, շեշտակի հարվածներով նրան տապալել օկտագոնի հատակին՝ գրանցելով ուղիղ նոկաուտ։
Այսպիսով, 29-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերի իր պրոֆեսիոնալ ռեկորդը հասցրեց 24 հաղթանակի (որոնցից 16-ը՝ ժամկետից շուտ), նրա ակտիվում կա նաև 3 պարտություն։ 30-ամյա Մաուրիսիո Ռուֆին, որը մինչ այս ուներ 14 հաղթանակ (13-ը՝ ժամկետից շուտ), կրեց իր կարիերայի 3-րդ պարտությունը։
Հիշեցնենք, որ UFC 331 մրցաշարի գլխավոր մենամարտում թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտու համար կայացած մարտում Ջոշուա Վանը հաղթել է Ալեշանդրե Պանտոժային և հաջողությամբ պաշտպանել տիտղոսը։



