«Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է և տեղափոխվել ՀՀ
Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դստեր` Դիանա Դարբինյանի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է Բելառուսում և տեղափոխվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդը»։
Սպանությունը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 28-ին։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հանցագործը կրակոցներ է արձակել «Land Rover» մեքենայի ուղղությամբ, որում 3 անձ է եղել։ Կրակոցների հետևանքով մահացել է 27-ամյա Դիանա Դարբինյանը, ամուսինն էլ վիրավորվել է։
Պարբերականի տվյալներով` սպանության մեջ կասկածվողը 24-ամյա Լևոն Ավետիսյանն է, որը Դիանա Դարբինյանի ամուսնու բարեկամն է։ Տղամարդն արդեն կալանավորված է, սակայն իր մեղքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը վստահեցրել է, որ կամայական արդարադատություն է իրականացվում, և Ավետիսյանը կապ չունի այս սպանության հետ։