շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց. նա ազատ արձակվեց

Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց. նա ազատ արձակվեց

ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով մեղադրվող Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով չորս տարվա ազատազրկման։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվի, նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով նիստն այսօր դռնփակ է անցկացվել, որից հետո ամբաստանյալ Գայանե Հակոբյանի պաշտպանները հայտարարել են, որ հրաժարվում են Հակոբյանի պաշտպանությունից: Նրանք լրագրողներին հայտնել են, որ դիրքորոշման փոփոխություն կա իրենց և պաշտպանյալի միջև։ Թեև պաշտպանները հստակ չեն նշել, բայց նրանց խոսքից պարզ է դարձել, որ Հակոբյանն ընդունել է մեղքն ու արագացված դատաքննություն պահանջել: Եվ հենց նա է գործը դռնփակ քննելու միջնորդություն ներկայացրել:

Աշոտ Փաշինյանը հայտարարեց, որ չի բողոքարկելու դատարանի վճիռը, եւ դատական նիստում էլ որեւէ առարկություն չի հնչել:

Հիշեցնենք՝ հունիսի 5-ին դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշել էր փոխել Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը և ընտրել խափանման միջոց կալանք մեկ ամիս 15 օր ժամկետով։ 

Մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացերլ 1 ամսով կալանավորել Գայանե Հակոբյանին:

Մինչ այդ՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել էր այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքով:

Հիշեցնենք նաև, որ ըստ Քննչական կոմիտեի՝ մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, նշել, որ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլելիս իրեն են մոտեցել 2020 թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները: Նրանցից մի կին ներկայացել է որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել նստել իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, այդ կինն իր համար անսպասելի վարել է այն, ապա նաև ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Երբ վարորդը մեքենայի ընթացքը դանդաղեցրել է, Աշոտ Փաշինյանը դուրս է նետվել:

Դրանից վայրկյաններ հետո ուրիշ ավտոմեքենա հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են:

  • Կիսվել: