երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատարանից փախուստի դիմած մեղադրյալն ինքնակամ ներկայացել է և կալանավորվել

Դատարանից փախուստի դիմած մեղադրյալն ինքնակամ ներկայացել է և կալանավորվել

2020թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի 37-ամյա բնակիչը, իր նախկին ընկերուհուն՝ Հրազդան քաղաքի 43-ամյա բնակչուհուն, առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են նախկին ընկերուհու աշխատավայր: 37-ամյա տղամարդը պահանջել է, որ 43-ամյա կինը շարունակի շփվել իր հետ որպես ընկերուհի, սակայն վերջինս հրաժարվել է: 37-ամյա տղամարդը նախ վիճաբանել է նրա հետ, այնուհետև՝ առևանգելու դիտավորությամբ նրա կամքին հակառակ ու նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ երկու ձեռքերը բռնել է, հաղթահարելով նրա դիմադրությունը՝ քարշ տալով նստեցրել է նշված ավտոմեքենայի հետևի նստատեղին, իսկ նրա պահանջով ավտոմեքենայի վարորդը վարել է մեքենան դեպի Սևանա լճի ափ` այդ կերպ 43-ամյա կնոջը հեռացնելով իր բնական միկրոսոցիալական միջավայրից, իսկ գործադրած բռնության արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է թեթև վնաս, սակայն ժամը 20:00–ի սահմաններում նրան հաջողվել է համոզել նախկին ընկերոջը և վերադառնալ տուն։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում:
 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամաբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

.2020թ. օգոստոսի 20-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը կալանավորը, կարգադրիչի և պաշտպանի ներկայությամբ, դատարանի դահլիճի բաց պատուհանից ցած նետվելու միջոցով դիմել է փախուստի:

 

Նույն օրը վերջինս ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: