Թրամփը հաղթել է դատարանում՝ էժան ներմուծվող առաքանիների համար արտոնության չեղարկման գործով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է դատարանում վարչակազմի հաղթանակի մասին՝ այսպես կոչված de minimis ռեժիմի չեղարկման հարցով, որը թույլ էր տալիս մինչև 800 դոլար արժողությամբ ապրանքներ ներմուծել ԱՄՆ առանց մաքսատուրքի վճարման և պարզեցված վերահսկողությամբ։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում։
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր մեծ հաղթանակ է ԱՄՆ-ի առևտրային դատարանում ամերիկյան առևտրային քաղաքականության ամենաաղմկահարույց բացերից մեկի՝ այսպես կոչված de minimis բացառության հարցով»։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ երկար տարիներ օտարերկրյա ուղարկողները կարող էին ԱՄՆ ուղարկել մինչև 800 դոլար արժողությամբ առաքանիներ՝ առանց մաքսատուրքերի և սակագների, ինչը, նրա պնդմամբ, վերածվել էր առևտրային սահմանափակումները շրջանցելու խոշոր ուղու։ Թրամփը հայտարարել է նաև, որ այդ սխեմայից օգտվել են կեղծված ապրանքների մատակարարներն ու հանցագործները, որոնք ԱՄՆ էին տեղափոխում թմրանյութեր, ներառյալ՝ ֆենտանիլ։
«Միայն 2024 թվականին, գնահատականներով, de minimis-ը Ամերիկային արժեցել է 10,8 միլիարդ դոլար չստացված մաքսային եկամուտ, իսկ թմրանյութերի և կեղծված ապրանքների առգրավումների զգալի մասը բաժին է ընկել հենց այդ ուղուն»,- նշել է նա:
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ իր վարչակազմը փակել է այդ հնարավորությունը՝ չեղարկելով համապատասխան մաքսատուրքային ազատումը։ Ըստ նրա՝ ներմուծողները դիմել են դատարան, սակայն դատարանը որոշել է, որ նախագահը այդ արտոնությունը չեղարկելուօրինական լիազորություններ ուներ։
«Ամերիկան այժմ ավելի անվտանգ է, մեր աշխատողները՝ ավելի լավ պաշտպանված, իսկ միլիարդավոր դոլարների մաքսային եկամուտները, որոնք նախկինում կորչում էին այդ սողանցքի պատճառով, կարող են ուղղվել մեր զինված ուժերի ֆինանսավորմանը, հարկերի նվազեցմանը, թեյավճարների հարկի բացակայությանը և սոցիալական վճարների հարկի բացակայությանը»,- գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահն իր հայտարարությունն ավարտել է հետևյալ կարգախոսով․ «Առևտուրը՝ առաջին հերթին Ամերիկայի համար, և օրինականությունն ու կարգուկանոնը՝ առաջին հերթին Ամերիկայի համար»։



