շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բնակարանային գողություն Աշտարակում․ ահազանգից մեկուկես ժամ անց կասկածվողը ձերբակալվել է

Բնակարանային գողություն Աշտարակում․ ահազանգից մեկուկես ժամ անց կասկածվողը ձերբակալվել է

Դեկտեմբերի 17-ի առավոտյան ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում տվեց Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ մի կին: Նա հայտնում էր, որ նախորդ օրվա ցերեկը, ժամը 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, մտել են իր բնակարան և ննջասենյակի զգեստապահարանից գողացել ոսկյա երկու մատանի և ձեռքի մեկ շղթա՝ պատճառելով 200 հազար դրամի վնաս:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Գործի անցան Աշտարակի քրեական հետախույզները: Նրանք շատ արագ ստացան օպերատիվ տվյալ, որն արագ էլ իրացրին: Ահազանգից մոտ մեկուկես ժամ անց Բյուրական գյուղում հայտնաբերվեց, բնակարանային գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ: Նա խոստովանեց, որ նախորդ օրը, ժամը 13-ին, ինքն էր բացել բնակարանի դուռը և կատարել գողությունը: Անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է ամբողջությամբ:
Տղամարդը և կազմված փաստաթղթերն ներկայացվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: