ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աղձք համայնքի 58-ամյա բնակիչը հարևանի տնից գողացել էր կենցաղային իրեր

Աղձք համայնքի 58-ամյա բնակիչը հարևանի տնից գողացել էր կենցաղային իրեր

Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Արագածոտնի մարզի Աղձք համայնքի մի բնակչուհի և հայտնել, որ իր տնից գողություն են արել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ տուն էին մտել՝ օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից:

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 12-ի ժամը 23.00-ին Աղձք համայնքի 1-ին փողոցում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել նույն համայնքի բնակիչ 58-ամյա մի տղամարդու: Բաժնում նա խոստովանել է, որ նկատելով, որ հարևանուհին գնացել է տնից, ցանկապատի վրայով մուտք է գործել նրա տուն ու գողացել էլեկտրական թեյնիկ, էլեկտրական խառնիչ, արդուկ և հեռուստացույց տեղադրելու սարք:

Գողոնը հայտնաբերվել է:
Աշտարակի ոստիկանները նույն օրը բացահայտել են բնակարանային ևս մեկ գողություն:
Ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել Աշտարակ քաղաքի մի բնակչից. նա հայտնում էր, որ իր տուն մարդ է մտել:

Միկոյան Եղբայրների փողոցի նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 17.00-ից 21.30-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ մուտք էին գործել տուն և գողացել 100 000 դրամ:
Իրացնելով օպերատիվ տվյալները՝ քրեական հետախույզները նույն օրը, ժամը 23.05-ին, Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդու: Նա խոստովանել է, որ ինքն է գողացել 100 000 դրամը:

Բնակարանային գողություն կատարած տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնված քրեական վարույթներով նախաքննություն է կատարվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: