կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բադասյանը լրջագույն բարեփոխումներից մեկն է համարում «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը

Բադասյանը լրջագույն բարեփոխումներից մեկն է համարում «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Քրեակատարողական ոլորտի լրջագույն բարեփոխումներից մեկն է համարում «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը։ Այս մասին նախարարը հայտնել է իր գրառման մեջ։

 

«Համակարգը ներառելու է անհրաժեշտ տեղեկություններ կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող բոլոր գործառույթների, կազմվող փաստաթղթերի, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման ռեժիմների փոփոխման, տեսակցությունների և ուսման վերաբերյալ։ Ընդ որում, լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված եղանակով՝ արխիվացվելով յուրաքանչյուր անձի անվանական թղթապանակում: Ավտոմատացված համակարգի առավելություններից է լինելու նաև ցանկացած ձևաչափով հաշվետվություններ ստանալու և վերլուծական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը»,- նշել է ԱՆ նախարարը։

Նա հայտնել է, որ համակարգի գործարկման աշխատանքներին զուգահեռ՝ ՔԿԾ կենտրոնական մարմնի և 12 քրեակատարողական հիմնարկների միջև արդեն իսկ ստեղծվել է կորպորատիվ ցանց, քրեակատարողական հիմնարկները համալրվել են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով (համակարգիչներ, նույնականացման քարտ և մատնահետք ընթերցող սարքեր ու սարքավորումներ, թվային լուսանկարման և տեսաձայնագրման հնարավորությամբ շարժական տեսախցիկներ և այլն), տրվել են անհրաժեշտ ծրագրային լուծումներ, կահավորվել է սերվերային սենյակը։ Օգոստոսի 15-ից մեկնարկել են համակարգի օգտագործման համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման նպատակով քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթացները։

Այլ գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ համակցվող «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգն ամբողջությամբ գործարկվելու է 2021 թվականից։

  • Կիսվել: