ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բացահայտվել են ՃՈ տեսուչների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր

Բացահայտվել են ՃՈ տեսուչների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության երեք տեսուչներ մեկ միասնական դիտավորությամբ կատարել են պաշտոնեական կեղծիք՝ 2020-2021 թվականների ընթացքում պարբերաբար կազմել են կեղծ արձանագրություններ` վարորդ Ա. Հ.-ի կողմից իբր վարչական իրավախախտումներ թույլ տալու վերաբերյալ, որի հետևանքով վերջինիս պատճառվել է ընդհանուր 115.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ըստ առաջադրված մեղադրանքների՝ ՃՈ տեսուչներ Ռ. Օ.-ն, Ա. Ճ.-ն և Ռ. Ն.-ն ծառայության ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու բարձր ցուցանիշ ապահովելու անձնական դրդումներով 2020-2021թթ. տարբեր ամիսների Լոռու մարզի Միխայլովկա գյուղի բնակիչ Ա. Հ.-ի կողմից վարչական իրավախախտում թույլ չտալու պայմաններում կազմել են կեղծ արձանագրություններ` դրանցում ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբր Ա. Հ.-ն իրեն և այլ անձանց պատկանող ավտոմեքենաներ է վարել, թույլ տվել իրավախախտումներ:

Արդյունքում Ռ. Օ.-ն, Ա. Ճ.-ն և Ռ. Ն.-ն Ա. Հ.-ին պատճառել են համապատասխանաբար` 45.000, 60.000 և 10.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՃՈ տեսուչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

  • Կիսվել: