Ուկրաինայի Հայոց թեմի հոգևորական Տեր Արտաշես Հակոբյանը հորդորել է իրեն չշփոթել մեկ այլ Տեր Արտաշեսի հետ
Ուկրաինայի Հայոց թեմի հոգևորական Տեր Արտաշես Հակոբյանը սոցցանցի իր էջում հորդորել է իրեն չշփոթել մեկ այլ Տեր Արտաշեսի հետ:
Նա, մասնավորապես, նշել է. գրում է. «Այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, ըստ որի իբր ես միացել եմ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնությանը։ Տարածվող նյութերում այդ լուրերը ուղեկցվում են իմ լուսանկարներով, ինչը մարդկանց մոտ ստեղծել է թյուր տպավորություն և արդարացի դժգոհություն։
Իրականում տվյալ նախաձեռնությանը միացած է այլ հոգևորական՝ նույն անուն-ազգանունը կրող մեկ այլ Տեր Արտաշես, սակայն լրատվական որոշ հարթակներ դիտավորյալ կամ անփութությամբ օգտագործել են իմ լուսանկարները, դրանով իսկ մոլորեցնելով հանրությանը»:
Նա հավելել է, որ չի կարող միանալ որևէ նախաձեռնության կամ ծրագրի, որը իր էությամբ «ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկմանը, խաթարմանը կամ տապալմանը, անկախ նրանից՝ ինչ անվան տակ է այն ներկայացվում»։
Նշենք, որ ավելի վաղ մամուլում տարածվել էին լուրեր, որ Տեր Արտաշեսն իբրև թե միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու տասը եպիսկոպոսների՝ Եկեղեցու բարենորոգման ծրագրին:


