կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արդարադատության նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ. Ովքեր կարող են ընդգրկվել եւ ինչպես

Արդարադատության նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ. Ովքեր կարող են ընդգրկվել եւ ինչպես

«ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Վարչապետի 11 հունիսի 2018 թվականի N 704-Լ որոշման համաձայն, Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Այս մասին տեղեկանում ենք նախարարությունից:

Նախարարին կից հասարակական խորհուրդը`

1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.

2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.

3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`

ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,

բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,

գ. նախարարության ընթացիկ գործունեության, գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի 25 ապրիլի 2016 N 141-Ա հրամանի 8-րդ կետի համաձայն՝ երկու տարին մեկ անգամ հասարակական խորհրդի անդամների մեկ երրորդը ենթարկվում է ռոտացիայի:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհուրդի կազմում ընդգրկվելու համար:

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել՝

•        հասարակական կազմակերպություններ

•        զանգվածային լրատվության միջոցներ

•        ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ

•        շահագրգիռ անձինք:

Կազմակերպությունները կամ անձինք կարող են ընդգրկվել Խորհրդում, եթե.

•        նրանց գործունեության բնույթը համընկնում է Նախարարության գործունեության հիմնական ուղղություններին,

•        Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել  կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի),

•        Մասնակցել են փորձագիտական աշխատանքների իրականացմանը,

•        Ունեն  ոլորտին առնչվող հրապարակումներ,

•        Մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների աշխատանքներին,

• ոլորտին առնչվող հարցերով  համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ

• նրանց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և  նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք տվյալ պահին ֆինանսավորվում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) Նախարարությունից:

Խորհրդի կազմում ընդգրկվելու պահանջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա կարող են դիմում ներկայացնել խորհրդի նախագահին (նախարարին)` խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ: Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկատվություններ և փաստաթղթեր:

Ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, կտեղադրվի ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում (www.moj.am ):

Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2021 թվականի հունվարի 23-ը:

Դիմումները կարող եք ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն (0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8) կամ այն ուղարկել Նախարարության հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

  • Կիսվել: