ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անհրաժեշտություն է դարձել տրանսազգային հանցագործությունների հարցում սերտ հարաբերությունները Վրաստանի հետ. Քյարամյան

Անհրաժեշտություն է դարձել տրանսազգային հանցագործությունների հարցում սերտ հարաբերությունները Վրաստանի հետ. Քյարամյան

Հունիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտե է այցելել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն, որի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է պարոն Շարվաշիձեին դեսպանի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա կողմից մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացումը կնպաստի երկու բարեկամ պետությունների բազմավեկտոր հարաբերությունների սերտացմանը։

Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված ջերմ հարաբերությունները, որոնք հնարավորություն են տալիս արագ արձագանքելու միմյանց կողմից բարձրացվող խնդիրներին, առավել արդյունավետ դարձնելու հանցավորության դեմ պայքարում միջազգային-իրավական փոխգործակցությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շեշտել է, որ Վրաստանի հետ տնտեսական դինամիկ զարգացող կապերի, ուղևորափոխադրումների մեծ ծավալների պայմաններում անհրաժեշտություն է դարձել հատկապես մաքսանենգության, տնտեսական և  տրանսազգային բնույթ ունեցող հանցագործությունների բացահայտման նպատակով Վաստանի նախաքննական մարմինների հետ գործընկերային սերտ հարաբերությունների կառուցումը։

Բացի այդ, խիստ օգտակար կարող է լինել նաև քննչական մարմինների միջև պրակտիկ փորձառության փոխանակմանն ուղղված տարբեր ձևաչափերի քննարկումներին, տեղեկատվության փոխանակմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը:

Պարոն Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար։ Դեսպանը նշել է, որ բազմադարյա հարևան և բարեկամ երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությունը շարունակաբար խորանում է։ Նա շեշտել է, որ թեև ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանում կան քննչական մի քանի ծառայություններ, որոնք գործում են տարբեր գերատեսչությունների կազմում, սակայն այդ հանգամանքը չպետք է կաշկանդի` զարգացնելու ըստ ոլորտների նախաքննական մարմինների անմիջական շփումը, իրականացնելու համատեղ նախաձեռնություններ։

Պարոն Շարվաշիձեն հավաստիացրել է, որ Հայաստանում Վրաստանի դեսպանատունը հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի այդ գործըթնացին։

Կողմերը պայմանավորվել են հաճախակիացնել աշխատանքային շփումները։

  • Կիսվել: