չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Զինվորով անվտանգությունը ոչ թե սկսվում, այլ ավարտվում է. Նիկոլ Փաշինյան

Զինվորով անվտանգությունը ոչ թե սկսվում, այլ ավարտվում է. Նիկոլ Փաշինյան

Ինրպես արդեն հայտնել ենք՝ հունիսի 18-ին  ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանը Հանրային ՀԸ-ին հարցազրույց է տվել, որի ժամանակ ներկայացրել է, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել Հայաստանի շուրջ անվտանգային միջավայր ձևավորելու համար։

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է միջազգային քաղաքականության և միջազգային դիվանագիտության միջոցով ապահովել Հայաստանի անվտանգությունը։

Փաշինյանն ասել է. ՛՛Միջազգային հարաբերությունների զսպող մեխանիզմները պետք է աշխատեն։ Առաջին հերթին հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների խորացմամբ, երկրորդը՝ ՀԱՊԿ-ի մեխանիզմների կատարելագործմամբ, երրոդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաներգրավմամբ մեր տարածաշրջանի անվտանգային գործերին։

Կարող է հարց հնչել՝ բա ինչու՞ 2020 թվականի սեպտեմբերին այդ նույն մեխանիզմները չաշխատեցին։ Շատ պարզ պատճառով։ 2020 թվականի սեպտեմբերի դրությամբ միջնորդները, ըստ էության, ունեին կոնսենսուս, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի տարածքի մի մասը պետք է վերադարձվի Ադրբեջանին, և սա, ինչքան էլ խուսափենք դա ասել, պետք է արձանագրենք, որ երկար տարիներ տևած բանակցային ապաշնորհ գործողությունների արդյունք էր։ Եվ այդ պահին այդ իրադրության առաջ էինք և պետք է փորձեինք և փորձում էինք պաշտպանել Հայաստանի շահերը՛՛։

Նշենք, որ նա կարևորել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ անվտանգային ոլորտում համագործակցության հնարավորությունների օգտագործումը։

Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է, որ ամենակարևոր կոմպոնենտը ՀՀ զինված ուժերի բարեփոխումներն են:

՛՛Առանցքային էությունը հետևյալն է, որ պետք է անցում կատարենք պրոֆեսիոնալ բանակի։ Իմիջիայլոց, գիտեք, որ 2018 թվականին, նաև 2020 թվականի դրությամբ՝ մեր բանակի դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, միջին սպայական կազմում ահռելի մեծ թվով թափուր տեղեր են եղել։ Այսինքն՝ եղել է հաստիք, չի եղել սպա։ Ինչու՞, որովհետև աշխատավարձը և ծառայության պայմանները այնպիսին են եղել, որ այդ աշխատանքը մարդկանց համար գրավիչ ուղղակի չի եղել։

Երբ որ ասում ենք անվտանգություն, առաջին հերթին մտքով հասնում ենք սահման, սահմանին կանգնած զինվոր, բայց պետք է հասկանանք, որ զինվորով անվտանգությունը ոչ թե սկսվում է, այլ ավարտվում է։ Անվտանգությունը սկսվում է տնտեսությամբ, հարկային եկամուտներով, հանրությունը ինչքան բյուջե է գեներացնում, որպեսզի ծախսի անվտանգային կարիքների համար։ Երբ ասում եմ պրոֆեսիոնալ բանակ, դա, իհարկե, շատ լավ է հնչում, բայց պրոֆեսիոնալ բանակ նշանակում է՝ զինվորից սկսած սպայից վերջացրած բարձր մասնագիտական պատրաստության և կրթության տեր մարդիկ։

2018 թվականի դրությամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղերը ավելի շատ էին, քան դիմորդները։ Ինչու, որովհետև գրավիչ չէ։ Այսինքն՝ պետությունը, հանրությունը պետք է այնքան բյուջետային եկամուտ գեներացնի, որ ոչ միայն պատշաճ կրթություն ապահովի` սկսած զինվորից վերջացրած սպաներից, այլ նաև պատշաճ աշխատավարձ, և որ ավելի կարևոր է` սոցիալական երաշխիքների կուռ համակարգ։ Մենք այսօր ունենք զինված ուժերում գեներալներ, որոնք տուն չունեն, վարձով են ապրում։ Ինչպե՞ս կարող է զինվորը 25 տարի ծառայի հայրենիքին և տուն չունենա, գեներալը, գնդապետը մտածի, թե երեխու ուսման վարձը ինչպես է վճարելու և այլն և այսպես շարունակ՛՛,- նշե է նա։

Խոսելով ՌԴ-ի մասին՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի պայմանագրային հստակ հարաբերություններ. ՛՛Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ վերջին 8 ամիսներին այդ հարցը տասնյակ անգամ եմ քննարկել, և Ռուսաստանը հստակ արձանագրել է իր դիրքորոշումը, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է Ռուսաստանի համար և այս դաշնակցային հարաբերությունները պետք է աշխատեն՛՛:

  • Կիսվել: