շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ժամանակն է քննարկել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի անդամակցության կասեցման հարցը. Վարդանյան

Ժամանակն է քննարկել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի անդամակցության կասեցման հարցը. Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ելույթ է ունեցել Եվրոպական Խորհրդարանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների համատեղ նիստում:

Ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի գործընկերներ,

Այսօր մենք քննարկում ենք Հարավային Կովկասում անվտանգության վերջին զարգացումները մի երկրի հետ, որը պատասխանատու է բնիկ հայ բնակչության ամբողջական էթնիկ զտումների համար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավելի քան 100000 հայ ստիպված եղավ լքել հայրենիքը սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած արյունահեղ ռազմական հարձակումից հետո, ինչը հաջորդեց ինը ամիս տևած շրջափակմանը:

Մենք քննարկում ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը մի երկրի հետ, որտեղ պահվում են հարյուրավոր հայ ռազմագերիներ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո և որոնց մասին շատերի ընտանիքները դեռևս լուր չունեն։ Գերության մեջ պահվողների թվում այս տարվա սեպտեմբերից ավելացան մարդիկ, ովքեր անցած 25 տարիներին ընտրվել են ժողովրդավարական ընտրություններում և որպես օրինական ներկայացուցիչներ առաջնորդել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հանուն ինքնորոշման: Այժմ նրանք Բաքվի բանտերում են:

Մենք ժողովրդավարության հարցեր ենք քննարկում մի երկրի հետ, որտեղ ի տարբերություն Լեռնային Ղարաբաղում օրինական ընտրված ներկայացուցիչների, արդեն ուղիղ 30 տարի իշխում է նույն ընտանիքը։

Հարգելի գործընկերներ,

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները սոսկ ռազմական հանցագործություններ չեն, և ոչ էլ զուտ հայ-ադրբեջանական հարաբերություններ: Խոսքը գնում է առաջադեմ երկրների ընտրության մասին՝ մի կողմից ժողովրդավարության և խաղաղության, և մյուս կողմից՝ բռնությունների միջև:

Այս և եվրոպական այլ հարթակներում Ադրբեջանի անպատիժ անդամակցությունը հանգեցրել է Ադրբեջանի իշխանությունների անպատժելիության զգացողության ամրապնդմանը։

Ինչպես հիշում ենք, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամները դիտվել են որպես «եվրոպական ընտանիքի» անդամներ։ Եվ շարունակական առաջադեմ բարեփոխումները և ԵՄ չափանիշներին ներդաշնակեցումը, եվրոպական արժեքների և մարդու իրավունքների խթանումը չափազանց կարևոր և առանցքային են: Այն, ինչ այսօր ունենք, այս ամենի ճիշտ հակառակն է։

Եզրափակելով, եթե մենք ցանկանում ենք դադարեցնել եվրոպական արժեքների և հիմնարար իրավունքների խախտումները, եթե ուզում ենք նայել այս հարթակի ապագային, ժամանակն է քննարկել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի անդամակցության կասեցման հարցը»։

  • Կիսվել: