Զախարովան անդրադարձել է Փաշինյանի՝ ՌԴ-ին ուղղված դիմումին՝ կապված երկաթուղիների վերականգման հետ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ռուսաստանին ուղղված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումին՝ արագացնելու դեպի Թուրքիա և Ադրբեջան տանող երկաթուղիների վերականգնումը։
Ճեպազրույցի ժամանակ Զախարովան, մասնավորապես, ասել է. «Ռուսական կողմը կապի մեջ է հայ գործընկերների հետ, այդ թվում՝ կառավարության տնտեսական բլոկի։ Երևանի բոլոր դիմումներն օպերատիվ կերպով մշակվում են պրոֆիլային գերատեսչությունների կողմից»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զախարովան հաստատել էր «Թրամփի ուղուն» իրենց միանալու հնարավոր տարբերակներն ուսումնասիրելու ՌԴ պատրաստակամությունը, այդ թվում՝ հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիներ»-ի յուրահատուկ փորձագիտությունը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ուժի մեջ է մնում նաև Մոսկվայի առաջարկը՝ Երևանի հետ խորհրդակցություններ անցկացնել բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ։


