Ընտրական օրենսգիրքը բոլոր հնարավորություններն ընձեռում է նույնիսկ արտախորհրդարանական ուժերին իրականացնել իրենց վերահսկողությունը. Բադասյան
Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարց հնչեցրեց, որ կա պնդում, որ արտահերթ ընտրությունների ժամանակ Կառավարությունն օգտագործելու է իր լծակները և ինչ-որ առումով կեղծելու է ընտրությունները, ինչ մեխանիզմներ են գործածվելու, որպեսզի խախտումներ չլինեն։։
Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ասելով, որ ուղղակի չեն կեղծելու ընտրությունները։ «Դա է բանաձևը, ինչի՞ համար կեղծենք, եթե 2018 թվականից հետո, այլևս հնարավոր չէ այդ անիվը հետ շրջել»,– ասաց նա՝ ավելացնելով, որ հնարավոր չէ քաղաքացիների կամքը որևէ կերպ խեղաթյուրել:
«Իսկ եթե ավելի կոնկրետ մեխանիզմների մասով, կարծում եմ, որ գործող իշխանությունը քաղաքական կամք ունի, միգուցե օրինակ Քրեական օրենսգրքում հետագա փոփոխություններ կատարելով կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում որոշակի փոփոխություններ կատարելով էլ ավելի ենք ամրապնդելու, որպեսզի ընտրական հանցագործությունների դեպքում լինի էֆեկտիվ դրանց բացահայտման, քննության մեխանիզմները: Մնացած մասով, կարծում եմ՝ Ընտրական օրենսգիրքը բոլոր հնարավորություններն ընձեռում է նաև քաղաքացիական հասարակությանը, ընդդիմադիր խմբակցություններին և նույնիսկ արտախորհրդարանական ուժերին իրականացնել իրենց վերահսկողությունը»,- ասաց Բադասյանը: