Ընտրական գործընթացների մասին հռչակված բարեփոխումներն իրականացնելու համար կար 3 տարի ժամանակ, բայց մինչ օրս հարցը չի կարգավորվել. Տիգրան Ուրիխանյան
Անհրաժեշտություն է առաջացել արագ քննարկելու ընտրական հանցագործություններին առնչվող օրենքի նախագիծը, իսկ դրա համար մենք ունենք 24 ժամվա ռեժիմ, անհրաժեշտություն կար, ըստ իս, դեռևս 2018 թվականին հրապարակում ժողովրդին խոստացված, կամ հենց ժողովրդի կողմից հռչակված բարեփոխումներն իրականացնելու, որոնց համար իշխանությունն ուներ 3 տարի ժամանակ: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացներին վերաբերող օրենքի նախագծերի փաթեթին:
«Մինչ օրս մենք չենք հասել նրան, որ կարգավորվեն արդարության տրամաբանությունից բխող բազմաթիվ հարցեր, որոնք, օրինակ, գործող իշխանությունը նախապատրաստել էր մի նախագծով, որը մինչ օրս չի ներկայացվել ԱԺ, թեպետ ես գտնում եմ, որ դրա համար կար ժամանակ: Ընտրությունները արդար են, ազատ են, թափանցիկ են, որակյալ այն դեպքում, երբ փող չունեցող, բայց լավ գաղափար ու ծրագիր ունեցող մարդիկ, կամ քաղաքական ուժեր կարողանում են մասնակցել դրանց»,- ասաց Ուրիխանյանը: