երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Թրամփի բանագնացին

Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Թրամփի բանագնացին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատվիրակության հետ՝ Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլի գլխավորությամբ: Այդ մասին  հաղորդել է ԲելՏԱ-ի թղթակիցը։

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած հարց՝ շեշտելով, որ կողմերն արդեն բավական մեծ թվով համաձայնություններ ունեն տնտեսական ոլորտի վերաբերյալ

Իր հերթին, Ջոն Քոուլը փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ողջույնը։

«Նա ամեն կերպ աջակցում է այն ամենին, ինչ մենք անում ենք», - ասել է նա։

Քոուլը նաև նշել է, որ ԱՄՆ-ն լսել է Լուկաշենկոյի վերջին հայտարարությունը բանկում սառեցված ակտիվների ապասառեցման և վերադարձի անհրաժեշտության մասին։ ԱՄՆ բանագնացի խոսքով՝ այժմ Վաշինգտոնը դիմել է բանկին այդ հարցով և մշակում է համապատասխան մեխանիզմ։

Սեպտեմբերի 11-ին Լուկաշենկոն հայտնել էր, որ ամերիկյան Սիթիբանկում սառեցվել է 40 միլիոն դոլար, որը Բելառուսի հետ համագործակցող ընկերությունը վճարել է, սակայն այդ գումարը մնացել է բանկում։

 

  • Կիսվել: