Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությունը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ ՀՀ-ում առաջարկվող ընտրական օրենսգրքի փոփոխությունների համատեքստում։
Դիտարկմանը, որ Հայաստանում փոփոխություններ են նախաձեռնվում, որոնց ընդունման դեպքում կարող են քվեարկել ՀՀ անձնագիր ունեցող և վերջին 6 ամիսներին երկրում ապրող քաղաքացիները, նա կարծիք է հայտնել, թե «հայկական սփյուռքը կմեկուսանա երկրի կյանքից»։
Զախարովան, մասնավորապես, նշել է. «Օրենքները սովորաբար նախատեսված են այս կամ այն երկրի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։ Այստեղ, կարծես, հակառակն է։ Հայկական անձնագրեր ունեցող մարդիկ զրկվում են իրենց որոշ հիմնարար իրավունքներից, ինչպիսին է ընտրություններին մասնակցելու իրավունքը։ Ստացվում է՝ սփյուռքը մեկուսացված կմնա իր երկրի և իր ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքից»:



