երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ընդդիմության պարտականությունն ու պատասխանատվությունը իշխանությունների օպոնենտ լինելն է․ Վանեցյան

Ընդդիմության պարտականությունն ու պատասխանատվությունը իշխանությունների օպոնենտ լինելն է․ Վանեցյան

Երկրում բարեփոխումներ անելը, երկրի անվտանգությունն ապահովելը, սահմաններն անսասան պահելը՝ դա իշխանությունների պարտականությունն ու պատասխանատվությունն է։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Ընդդիմության պարտականությունն ու պատասխանատվությունը իշխանությունների օպոնենտ լինելն է, քննադատելն է։ Երբեմն այդ քննադատությունը կարող է լինել սուր, եւ ոչ հաճելի ձեզ։ Մեզ ԱԺ են պատվիրակել այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն եղել ձեր կառավարմանը։ Մեզ մեղադրել, որ ձեզ քննադատում ենք,  կարծում եմ ճիշտ չէ»,– ասաց Արթուր Վանեցյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը իշխանական պատգամավորների ելույթներից տպավորություն է ստացել, որ նրանք փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ընդդիմությունը չխոսի 44–օրյա պատերազմի հետեւանքների մասին. «Չխոսի, թե ինչու եղավ այս պատերազմը, ինչու զոհվեցին մեր հայրենակիցները, ինչու մենք կորցրեցինք մեր հայրենիքի արցախյան հատվածի 75 տոկոսը։ Ինչու է մինչեւ այսօր ադրբեջանական զինուժը պաշտոնական տվյալով՝ մոտ 3,5 կմ մխրճվել Հայաստանի սուվերեն տարածք եւ հետ չի շպրտվել։ Այս հարցերի պատասխանները պետք է տրվեն, եւ այդ հարցերը անկախ նրանից ձեզ հաճելի են, թե ոչ, մենք տալու ենք»։

Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հաշտության ձեռք մեկնելուն։  Ըստ նրա՝ ԱԺ նախագահի՝ այսօրվա տեղի ունեցածը «զրոյացնելու» վերաբերյալ առաջարկը տրամաբանական կլիներ այն ժամանակ, երբ մինչ այդ նա հայտարարեր, որ չեղարկում է կիրառված կարգապահական տույժը։

«Չնայած, ես գիտեմ, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը նման լիազորություն ԱԺ նախագահին չի տալիս, բայց գոնե քաղաքական հայտարարություն կարող էիք             անել»,– ասաց Վանեցյանը։

Ի պատասխան, ԱԺ նախագահը հայտարարեց, թե չեղարկելու հնարավորություն ունի միայն  ԱԺ խորհուրդը, սակայն, այն  դեռ  ձեւավորված չէ։

«Կարող եք իմ հայտարարությունն ընդունել նման մի քայլ, ես հանձնառու եմ այն ամենին, ինչ–որ հայտարարել եմ»,– հավելեց Սիմոնյանը։

  • Կիսվել: