կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության՝ երաշխիքների առկայության դեպքում. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության՝ երաշխիքների առկայության դեպքում. Արաղչի

Իրանը պատրաստ է բանակցությունների ԱՄՆ-ի հետ, սակայն մտադիր չէ ճնշման տակ հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից։ Այս մասին շաբաթ օրը Բաղդադում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, տեղեկացնում է Mehr-ը։

Նշվում է, որ Արաղչին ասել է, որԹեհրանը պահպանում է դիվանագիտական կարգավորման պատրաստակամությունը, սակայն բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ են փոխադարձ հարգանք և հուսալի երաշխիքներ, որ ռազմական գործողությունները չեն կրկնվի։

Նա ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ ագրեսիայի մեջ և հայտարարել, որ նախկին բանակցային փորձերը բազմիցս փոխարինվել են ռազմական գործողություններով։

Արաղչին նաև հայտնել է, որ Իրանը Կատարի միջոցով փոխանցել է յոթ կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է Հորմուզի նեղուցում նորմալ նավարկության վերականգնման հնարավորություն յոթ օրվա ընթացքում՝ անհրաժեշտ պայմանների կատարման դեպքում։

Նրա խոսքով՝ ավելի վաղ Թեհրանն ու Վաշինգտոնը Իսլամաբադում, Պակիստանի միջնորդությամբ և Կատարի աջակցությամբ, ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր։ Իրանը պնդում է, որ Օմանի հետ սկսել էր քննարկել նավերի անցումն ապահովելու գործնական միջոցները, սակայն ԱՄՆ հետագա գործողությունները խոչընդոտել են պայմանավորվածությունների իրականացումը։

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թեհրանը հանդես է գալիս Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության օգտին, որն առանցքային նշանակություն ունի համաշխարհային առևտրի և էներգակիրների մատակարարումների համար։ Միևնույն ժամանակ, նա ծովային հաղորդակցության խաթարման պատասխանատվությունը վերագրել է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին, ինչպես նաև ամերիկյան շրջափակմանը։

Հաղորդվում է, որ Արաղչին նաև կոչ է արել ԻՀԿ երկրներին հանդես գալ Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության օգտին։

  • Կիսվել: