Ալբանիայում պահանջում են վարչապետի հրաժարականը
Այսօր հազարավոր երիտասարդներ Ալբանիայում մայրաքաղաք Տիրանայում դուրս են եկել բողոքի ակցիայի՝ պահանջելով վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ երիտասարդական ելույթների հինգերորդ օրը կրթության նախարարության շենքի մոտ անցկացվող ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների։
Բողոքողները հանդես են գալիս կոռուպցիայի և աշխատատեղերի անբավարարության դեմ։
Դիմակավորված երիտասարդների մի խումբ սկսել է քարեր նետել ոստիկանների վրա, վերջիններս կիրառել են լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Ոստիկանության տվյալներով՝ այդ պահին ձերբակալվել է անկարգությունների շուրջ 500 մասնակից, որոնցից 330-ը հետագայում ազատ է արձակվել։ Վիրավորումներ են ստացել մոտ 120 ոստիկան և 45 ցուցարար։ Միևնույն ժամանակ, ցուցարարների շրջանում տուժածների թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ ոչ բոլոր դեպքերն են ներառվել պաշտոնական վիճակագրության մեջ։
Իշխանություններից դժգոհությունը տարածվում է նաև մայրաքաղաքից դուրս։ Շաբաթվա սկզբին Տիրանայում բողոքի մասնակիցները կոտրում էին պատուհաններ, հրկիզում կառավարական շենքեր և բախվում իրավապահների հետ։
Ռաման կատարվողն անվանել է իր իշխանության համար ամենալուրջ փորձություններից մեկը՝ հայտարարելով, որ մտադիր չէ հրաժարական տալ։
Շաբաթ օրը վարչապետը Facebook-ում գրել է, որ իր կառավարությունը հարգում է ուսանողներին և պաշտպանելու է նրանց բողոքի իրավունքը։ Նա նաև հայտարարել է 2030 թվականին Ալբանիայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ աշխատանքը շարունակելու մտադրության մասին։
Բողոքները ծավալվում են բազմամյա կոռուպցիոն սկանդալների և այն մեղադրանքների ֆոնին, թե Ալբանիան դարձել է թմրանյութերի և զենքի առևտրից ստացված փողերի լվացման կարևոր կենտրոն։ Այս խնդիրները բարդացնում են երկրի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը։



