կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Եգիպտոսի նախագահը խորհրդարանից լիազորություններ է խնդրել՝ հութիներից Սաուդյան Արաբիան պաշտպանելու համար

Եգիպտոսի նախագահը խորհրդարանից լիազորություններ է խնդրել՝ հութիներից Սաուդյան Արաբիան պաշտպանելու համար

Եգիպտոսի խորհրդարանը հոկտեմբերի 18-ին կանցկացնի արտահերթ նիստ՝ քննարկելու նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի խնդրանքը՝ եմենցի հութիների կողմից հարձակումների դեպքում Սաուդյան Արաբիային օգնություն ցուցաբերելու համար լիազորություններ ստանալու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Al-Ahram-ը։

Նշվում է, որ Աս-Սիսին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել հոկտեմբերի 17-ին Եգիպտոսի ռազմական ակադեմիայի կուրսանտների ավարտական արարողության ժամանակ։ Նա հայտարարել է, որ Կահիրեն պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Սաուդյան Արաբիային պաշտպանելու համար, եթե Էր Ռիադը դիմի օգնության համար։

Եգիպտոսի առաջնորդն ընդգծել է, որ խոսքը պաշտպանական գործողությունների մասին է, այլ ոչ թե որևէ կողմի վրա հարձակման։ Միևնույն ժամանակ, նա ընդունել է, որ նման օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է խորհրդարանի հավանությունը, և պատգամավորներին կոչ է արել հավաքվել արտահերթ նիստի։

Ըստ Al-Ahram-ի՝ Ներկայացուցիչների պալատի նիստը նշանակված է կիրակի՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ժամանակով ժամը 13:00-ին։

Նշենք, որ Աս-Սիսիի հայտարարությունը հնչել է Սաուդյան Արաբիայի շուրջ իրավիճակի սրման ֆոնին, որը վերջին օրերին ենթարկվում է հրթիռային և անօդաչու սարքերով հարձակումների Եմենից գործող հութիների կողմից։

 

  • Կիսվել: