կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ընդդիմադիր կամ հեղափոխական լինելն ինչ-որ տեղ մասնագիտություն է. Նամին

Ընդդիմադիր կամ հեղափոխական լինելն ինչ-որ տեղ մասնագիտություն է. Նամին

Տարօրինակ հարց է: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է, բայց վտանգն, ըստ իս, չի վերացել: Այս մասին ասել է կոմպոզիտոր, ռեժիսոր, ռուսաստանաբնակ հայազգի արվեստագետ Ստաս Նամինը՝ պատասխանելով «Հայկական ժամանակի» այն հարցին, թե իրականացե՞լ է արդյոք իր այն կանխատեսումը՝ համաձայն որի՝ Փաշինյանը հեղափոխությունից հետո պիտի զգույշ լիներ, գիտակցեր ռսիկի գործոնը, քանի որ այն մարդիկ, որոնցից վերցվում է ժողովրդից խլվածը՝ կարող են չհարմարվել կատարվածի հետ:

Նա անդրադաևձել է  նաև այն մասին, թե ինչ է լսում առհասարակ հետհեղափոխական ՀՀ-ի մասին և ի՛նչ կարծիք ունի իրականացվող փոփոխությունների վերաբերյալ: նամինն ասել է, որ իրենց մոտ այնքան էլ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, բայց իրեն հասնող տեղեկությունները միշտ չէ, որ միանշանակ են: «Ըստ իս, ընդդիմադիր կամ հեղափոխական լինելը ինչ-որ տեղ մասնագիտություն է, որը ոչ մի առնչություն չունի պետական ստեղծարար գործունեության հետ: Պետության ղեկավար լինելը ահռելի պատասխանատվություն է, որը ենթադրում է թե՛ երկրաքաղաքական ռազմավարության իմաստություն, թե՛ տնտեսության զարգացման մտածված հայեցակարգ, թե հսկայական փորձ, գիտելիք ու յուրահատուկ տաղանդ պահանջող շատ այլ բաներ: Ընդ որում, միայնակ մարդը ցանկացած դեպքում չի կարող ամեն ինչը կառավարել, եւ իր կողքին պետք է ունենա բոլոր ոլորտների փորձառու գերմասնագետներ: Ես հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի այդպիսի պրոֆեսիոնալների թիմ հավաքել»:

 Այդ իմաստով, ըստ նրա, շատ կարեւոր է, որ առաջնորդը չխուսափի իր կողքին ուժեղ ու խելացի մարդիկ ունենալուց: «Հայ ազգը պատմականորեն ոչ միայն ապացուցել է իր յուրահատուկ կարողությունները կյանքի բոլոր բնագավառներում, այլեւ այսօր եւս Հայաստանում եւ ամբողջ աշխարհում առկա են բարձր մակարդակի տաղանդներ ու մասնագետներ, որոնք արժանի են այսպես կոչված պետխորհրդի վերնախավը կազմելու, որի հավաքման գործում իմ օգնությունն էի առաջարկել Փաշինյանին ավելի քան մեկ տարի առաջ: Կարծում եմ, նմանատիպ պետխորհուրդը պետք է կազմված լինի ինքնուրույն, լիարժեք ու ինքնաբավ անձնավորություններից: Իսկ նրանց միավորողը, առաջին հերթին, պետք է լինի հայրենասիրությունը եւ սերը Հայաստանի հանդեպ: Նրանք իրենց աշխատանքի համար գումարներ չէին ստանալու եւ օրենսդիր իրավունքներով օժտված չէին լինի, բայց կանոնավոր կերպով կհավաքվեին՝ քննարկելով ու որոշումներ կայացնելով պետության կարեւորագույն հարցերի շուրջ»:

Նա նաև կարծիք է հայտնել, որ ճիշտ որոշումներ կայացնելու համար բավական է, որ դա լինի մի խորհրդակցական մարմին, որը կգլխավորի վարչապետը: «Համոզված եմ, որ առանց տարբեր բնագավառներում համաշխարհային մակարդակի մասնագետներից կազմված նմանօրինակ խորհրդի՝ սկսած տնտեսությունից, արդյունաբերությունից ու գյուղատնտեսությունից մինչեւ գիտությունը, մշակույթը, բժշկությունը, կրթությունը եւ այլն, դժվար կլինի Հայաստանը դուրս բերել այն տնտեսական փակուղուց, որում այն հայտնվել է վերջին քսան տարվա ընթացքում: Դժվար կլինի իսկապես շարժվել առաջընթացի ճանապարհով, ինչպես դա անում են, օրինակ, Սինգապուրն ու Իսրայելը, որոնք եւս Հայաստանի պես քիչ բնական պաշարներ ու, մեղմ ասած, իրենց շրջապատող քիչ բարեկամներ ունեն»,-ասել է նա:

Նամինն անդրադարձել է նաև տնտեսությանը՝ ասելով. «Եթե խոսենք տնտեսության մասին, ապա պետք է խոստովանենք, որ Խորհրդային Միությունը Հայաստանում հզոր բազա էր ստեղծել վերջինիս զարգացման համար: Դա ե՛ւ ատոմակայանն է, որն այսօր գործում է իր հզորության մեկ երրորդով, եւ էլեկտրոնային համակարգչային ոլորտը, քիմիան, մեքենաշինությունը, գործիքաշինությունը, դեղագործական արդյունաբերությունը եւ շատ այլ ոլորտներ, որոնք ժամանակակից բարձր զարգացած երկրների տնտեսության հիմքն են: Այդ ամենը քանդվել ու թալանվել է վերջին քսան տարվա ընթացքում: Իսկ օդանավակայանների ու քաղաքացիական ավիաչվերթների խտությամբ Հայաստանը Խորհրդային Միության առաջատարն էր, ինչն ապահովում էր բնակչության անհավանական շարժունակությունը, այսինքն՝ նաեւ մարդկանց տնտեսական ակտիվությունը: Այդ ամենը վերականգնելու եւ կրկին գործարկելու համար հսկայական աշխատանք ու մասնագիտական մոտեցում է պահանջվում: Պետք է հասկանանք, որ տնտեսության զարգացման համար բավական չէ պարզապես ազնիվ լինել ու չթալանել: Ներդրումներ ներգրավելու համար պետք են մասնագիտորեն հաշվարկված նախագծեր ու ծրագրեր, որոնք ներդրողներին կհամոզեն ներդրումների եկամտաբերության հարցում: Պետք է անցում կատարել արդեն նոր մակարդակում տնտեսության նախագծային կառավարմանը եւ վերջինիս հզորության վերականգնմանը: Ընդհանուր առմամբ, Հայաստանի իրական զարգացման համար դեռ շատ սկզբունքորեն կարեւոր գործեր կան անելու»:

  • Կիսվել: