կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վերջ դնել հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիվությանը, անհարկի թշնամանքին. Փաշինյանի կոչը

Վերջ դնել հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիվությանը, անհարկի թշնամանքին. Փաշինյանի կոչը

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնատար, ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին երկու առաջարկ-կոչ արեց ՔՊԿ-ի հանրահավաքի ժամանակ:

Նա կոչով դիմեց քաղաքական և հանրային գործընթացի բոլոր մասնակիցներին. ՛՛Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը: ՀՀ ժողովուրդը ստեղծել է նոր քաղաքական իրադրություն և իրավիճակ: Եվ այդ իրավիճակի առաջին կետն ու հանգրվանը հետևյալն է՝ ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, բոլոր քաղաքական, հանրային մասնակիցներին սկսել մի պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը:

Եվ ես առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին, կողմնակիցներին եմ կոչ անում, որ մենք վերջ դնենք հայհոյախոսությանը, որովհետև Հայաստանի և Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում, և մենք պետք է այդ էջը սկսենք ազգային և հանրային ներուժի համախմբմամբ, նոր արժեքների, իրապես ժողովրդավարական արժեքների, պետական և ազգային արժեքների վերահաստմամբ՛՛:

Փաշինյանն ընդունեց, որ ինքն էլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, գուցե՝ ստիպված, գուցե՝ կամա, գուցե՝ ակամա, չի խուսափել այդ տրամաբանությունից: Նա ասաց. ՛՛Բայց ես առաջինն ինքս եմ ստանձնում այդ պարտավորությունը և կոչ եմ անում մեր բոլոր կողմնակիցներին՝ վերջ դնել հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիվությանը, անհարկի թշնամանքին, որովհետև մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք, և պետք է պետականության կառուցման այս նոր և հրաշալի էջը բացենք՛՛:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ սա չի նշանակում, որ նախկինում ժողովրդի առաջ ստանձնած որևէ պարտավորությունից կհրաժարվեն՝ հավելելով, որ Հայաստանում լինելու է անառարկելի օրինականություն, կարգ ու կանոն և պատասխանատվության անխուսափելիություն:

Նա հնչեցրեց երկրորդ առաջարկը հանրային, քաղաքական կյանքի մասնակիցներին: Փաշինյանի խոսքով՝ ժողովրդից գողացվածի վերադարձը միշտ եղել է իրենց կառավարության հրատապ օրակարգը: Փաշինյանը շեշտեց, որ նախորդ երեք տարիների ընթացքում ոչ ոքից ոչինչ չեն խլել, ցանկացել են, որ երկրում գործեն ինստիտուտներ, որոնք դուրս կլինեն անձերի և անհատների քմահաճույքից: Նա հիշեցրեց, որ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը գործարկված է, այն անխուսափելիորեն գործելու է:

Փաշինյանն ասաց. ՛՛Իմ նախորդ առաջարկի տրամաբանության մեջ ուզում եմ առաջարկել բոլոր այդօրինակ մարդկանց և հիշեցնել, որ մեր ընդունած օրենսդրական փոփոխությունների արդյունքում այդ մարդիկ, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ, կարող են բանակցել պետության հետ՝ գողացվածն ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ:

Եվ ես բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում հենց այսօրվանից չկորցնել հնարավորությունը և չհասնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործել: Կոչ եմ անում անհապաղ սկսել բանակցություններ՝ գողացվածը վերադարձնելու վերաբերյալ, որը կծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը՛՛:

  • Կիսվել: