«Վերելք» կուսակցության նախագահը կոչ է անում պարտադիր մասնակցել ընտրություններին
«Վերելք» կուսակցության նախագահ, ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Ալեքսան Մինասյանը, ամփոփելով նախընտրական քարոզարշավը, ՀՀ քաղաքացուն կոչ արեց գնալ ընտրության, քանի որ չգնալով կանարգեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ննջողների հիշատակը:
«Նրանք այժմ սպասում են, որպեսզի մենք ստեղծենք այնպիսի պետություն, որը հարիր է մեր ժողովրդին. միայն խոնարհվելը շատ քիչ է, դրական և գործնական քայլեր պետք է անել: Ընտրության գնալով որոշվում է երկրի վիճակը»,- շեշտեց Մինասյանը:
Նա նշեց, որ քարոզարշավի ընթացում շրջել են սահմանամերձ բնակավայրերում
«Բնակիչները հիմնականում նշում էին, որ իրենց անվտանգ չեն զգում: Գյուղացիները հաճախ բողոքում էին, որ անվտանգություն չապահովելու դեպքում իրենք չեն կարողանա հանգիստ մշակել իրենց հողն ու անասուններին արոտավայրեր տանել»,- նշեց Մինասյանը:
Ըստ Ալեքսան Մինասյանի՝ թեև կուսակցությունը 2 ամիս առաջ է ստեղծվել, իրենք այս ընթացքում աշխատանքներ են արել իրենց ուժերի ներածին չափով:
«Մենք որոշեցինք քաղաքականություն մուտք գործել, քանի որ տարբեր հարցերի շուրջ այնպիսի մոտեցումներ էինք առաջարկում, որոնք ստանդարտից դուրս են: Պարտավոր էինք մասնակցել և ցույց տալ, որ կան նաև այսպիսի առաջարկներ, ճանապարհներ, որոնցով պետք է առաջ շարժվել»,- ասաց կուսակցության ղեկավարը: