երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ուզում եմ մի հետաքրքիր պատմություն ներկայացնել ձեզ․ Արամ Վարդևանյան

Ուզում եմ մի հետաքրքիր պատմություն ներկայացնել ձեզ․ Արամ Վարդևանյան

Այսօր ժամը 18։30 կլինենք Սասունցի Դավթի արձանի մոտ և կիրականացնեք հերթական իրազեկման գործողությունը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ուզում եմ մի հետաքրքիր պատմություն ներկայացնել ձեզ երեկվա մեր քայլերթից։ Իհարկե երեկ մենք ստիպված էինք արձանագրել, որ ոստիկանության ծառայողների գործողությունները իրավաչափության հետ առնչություն չունեին, ես սա իսկապես ցավով եմ արձանագրում, որովհետև ոստիկանությունը ևս իր մեջ ունի բազմաթիվ հայրենասեր ծառայողներ։ Ինքս տեղյակ եմ, թե որքան ոստիկաններ հենց իրենց կոլեգաների, իրենց գործընկերների արարքներից մեղմ ասած վատ են զգում, սա ի գիտություն։

Քայլերթի ընթացքում ինձ մոտեցավ մեր հայրենակիցներից մեկը, ով շատ ազնվորեն ցանկացավ ինձ հայտնել, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին իր ձայնը տվել էր Նիկոլ Փաշինյանին, բայց մասնակցում էր մեր քայլերթին։ Ես իրեն մեկ պատասխան տվեցի՝ մեր հայրենակիցը ոչ թե սխալվել է, այլ մեր հայրենակցին խաբել են։ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը լրիվ այլ խոստումներ էր տալիս, ասում էր՝ պայքարելու է Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի համար, որ Արցախի կարգավիճակի համար մինչև վերջ կռիվ է տալու, իսկ այսօր լրիվ ուրիշ բաներ է խոսում։

Երբ մենք ասում ենք, որ այս իշխանությունն այլևս չունի լեգիտիմություն, չունի այն մանդատը, որը 2021 թվականի ընտրություններին էր ստացել, դա փաստական հանգամանքներով է պայմանավորված։

Մեր քայլերթին մասնակցում էին մարդիկ, ովքեր եկել էին Լոս Անջելեսից»,-ասաց պատգամավորը։

  • Կիսվել: