հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ծառուկյանի հիմնական ծրագիրն է, որ կարողանա իր հնարավորությունները օգտագործել հօգուտ իր ժողովրդի․ ԲՀԿ ղեկավար

Ծառուկյանի հիմնական ծրագիրն է, որ կարողանա իր հնարավորությունները օգտագործել հօգուտ իր ժողովրդի․ ԲՀԿ ղեկավար

Ծառուկյանը կայացած մարդ է, ունևոր, տեսած և ճանաչված, և Ծառուկյանի հիմնական ծրագիրն ու նպատակն է, որ կարողանա իր հնարավորությունները օգտագործել հօգուտ իր երկրի և ժողովրդի։ Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Սիրելի ժողովուրդ, ամենակարևորը դուք իմացեք, որ ես ոչ մի սուտ բան ձեզ չեմ ասում, այլ ասելու եմ իրականությունը, այն խնդիրը որն այսօր կա։ Այսօր կա հնարավորություն, որ ամեն մարդ կարողանա իր ընտանիքը պահի բարեկեցիկ կյանքով, բայց այսօր վիճակը շատ ծանր է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նա նաև նշեց, որ Գեղարքունիքի մարզ գալով տեսել է, որ ժողովուրդը իսկապես մտահոգ է և լարված սահմանին տիրող իրավիճակով․

«Մեզ համար ամենակարևորը երկրի անվտանգությունն է, այսօր Գեղարքունիքի մարզում լիարժեք տեսնելով, թե ինչ է կատարվում՝ ադրբեջանցիները առաջ են գալիս, իսկ դրանից ժողովուրդը մտահոգ է, լարված է, պետք է ապահովենք մեր ժողովրդի անվտանգությունը, իսկ դրա համար միայն մի ճանապարհ կա, դա Ռուսաստանն է, դարավոր մեր գործընկերը»։

Կուսակցության նախագահը նաև նշեց, որ ծրագրում ներկայացված է շուրջ 30 կետ, որոնք իրականացնելու պարագայում ժողովուրդը դուրս կգա ստեղծված իրավիճակից և չի լքի երկիրը։

«Մարդիկ լավ օրից չեն գնում։ Ոլորտները գրեթե բոլոր պետք է զարգացնել, որ մարդիկ իրենց զգան իրենց երկրում պաշտպանված, գնահատված և տեսնեն, որ իրենց մասին մտածող կա»,- նշեց կուսակցության ղեկավարը։

 

  • Կիսվել: