Ճիշտ չեմ համարում թատրոնից շենք վերցնելն ու ուրիշ միավորի տալը․ Նարինե Մալյան
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակել, որով նախատեսվում է միավորել Պետական կամերային երաժշտական թատրոնը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ։ Սակայն թատրոնի անձնակազմը դեմ է այս նախագածին։ Միավորման դեպքում նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը տրամադրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին:
«Մալյան» Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանին InfoPort.am-ը խնդրեց կարծիք հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ։ Մեզ հետ զրույցում տիկին Մալյանը նշեց, որ թեև իրեն շատ մանրամասներ հայտնի չեն, սակայն այդքան էլ ճիշտ չի համարում թատրոնից շենք վերցնելն ու ուրիշ միավորի տալը։
«Թատրոնին, որը շենք ունի, լինի կամերային, թե մեկ ուրիշ թատրոն, այդ ձևով շենքից հանելը, ես այդքան էլ ճիշտ չեմ համարում»,- նշեց ռեժիսորը՝ հավելելով, որ եթե կան թերություններ, թերացումներ, պահանջներ՝ խաղացանկի, դերասանական կազմի, ռեժիսուրայի վերաբերյալ, ապա դրա՛նք պետք է շտկել։
«Ես չգիտեմ Կամերային թատրոնին Պարոնյանի անվան թատրոնի հետ աշխատանքային ի՞նչ պայմաններ են առաջարկում, ինչպե՞ս պետք է պահպանի թատրոնն իր գոյությունը մեկ ուրիշ թատրոնի կազմում, և կազմու՞մ է արդյոք, թե՞ առանձին ինչ-որ միավոր է դառնում այդ շենքում, այդ հարցերն ինձ համար պարզ չեն»,- նշեց նա։


