երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սյունիքի անվտանգային հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին մասնակցել է միայն 2 համայնքի ներկայացուցիչ

Սյունիքի անվտանգային հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին մասնակցել է միայն 2 համայնքի ներկայացուցիչ

Սյունիքի մարզի Գորայք համայնքում այսօր՝ փետրվարի 19-ին, կայացել է Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցել է նաեւ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից կայքի հետ զրույցում փոխանցեցին, որ հանդիպմանը Սյունիքի համայնքի ղեկավարներից մասնակցել են միայն Գորայք համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանն ու Կապանի փոխքաղաքապետ Գոռ Թադեւոսյանը։

NEWS.am-ը Սյունիքի համայնքի ղեկավարներից փորձեց պարզել, թե ինչո՞ւ նրանք չեն մասնակցել նիստին։ Կայքին հաջողվեց կապ հաստատել միայն Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ, ով ասաց, որ ինքը լուրջ սպասելիքներ չունի այդ աշխատանքային խմբից։

«Բայց թող ապացուցեն, եթե կարող են մի լավ բան անել, մենք էլ զգանք, որ կարողանում են անել, ապա արժե այդ մարդկանց հետ համագործակցել, մեր մոտեցումը կվերանայենք, բայց այս պահին ես ոչ մի ակնկալիք չունեմ նրանցից։ Մեր բոլոր խնդիրները ներկայացված են, իրենց տեղյակ են։ Այս պահին իրենք մեր նվազագույն հարցերին չեն կարողանում պատասխանել, օրինակ, թե ո՞րն է մեր սահմանը, էլ ի՞նչ ունեն բանավոր պայմանավորված կամ գաղտնի ստորագրած, վստահություն չկա էլի»,- նշեց Մեղրիի քաղաքապետը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ ավելի կարեւոր հարցեր կան քննարկելու։

«Օրինակ ինձ, մեր բնաչությանը ամենաշատը հետաքրքրում է՝ էդ երկաթգծի ճանապարհը, որ տալու են, էնտեղով մտնող դուրս եկող բեռների վերաբերյալ ՀՀ-ն որեւէ մասնակցություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ։ Հիմա ռուսական սահմանապահներն արդեն դիմում են պահակակետերի, մուտքի, ելքի տեղերի հողահատկացման հարցերով, եւ այնտեղ ես բացի սահմանապահներից ուրիշ ոչ մի ծառայության անելիք չեմ տեսնում, նախատեսված որեւէ պրոցես չի գնում, իսկ էդ առանցքային հարցերը թողած, հավաքվում են, ինչ-որ հանդիպումներ ունենում, տեսնում եք էլի, թե երեք տարի է ինչով են զբաղվում»,- ասաց Մխիթար Զաքարյանը։

Հարցին, թե բնակչության շրջանում տրամադրություններն ինչպիսին են, վախի մթնոլորտ կա, Մեղրիի քաղաքապետն ասաց․

«Ում մոտ զոմբիացման դոզավորումը բարձր է, ասում են, որ շատ լավ է, ավելի լավ է լինելու, ով որ ադեկվատ կարողանում է վերլուծել իրավիճակը, իհարկե, մտավախություն ունի։ Եթե իրենք խոսում են կոմունիկացիաների բացման մասին, դա նորմալ է, բայց, եթե պիտի ՀՀ սուվերեն տարածքով որեւէ բեռնափոխադրում կատարվի եւ որից ՀՀ-ն տեղյակ չլինի, դա իմ կարծիքով մեր սուվերենության վերջի սկիզբն է»,- հավելեց նա։

Նշենք, որ Սյունիքի մարզում առկա եւ հնարավոր խնդիրների բացահայտման եւ օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով, հունվարի 15-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։

 

  • Կիսվել: