Ստեփանակերտում կայացել է սամբոյի բաց առաջնություն
Ստեփանակերտի «Դինամո» մարզադահլիճում նախօրեին կայացել է Արցախի սամբոյի ֆեդերացիայի բաց առաջնություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանի նախաձեռնությամբ կազմակերպված առաջնությանը մասնակցել է 130 մարզիկ:

Մեզ հետ զրույցում ԱՀ և ՀՀ սամբոյի վաստակավոր մարզիչ Ազատ Անդրյանը նշել է, որ առաջնությունն անց է կացվել մանկապատանեկան երկու տարիքային խմբերի միջև՝ 21 քաշային կարգում:
«Ըստ տարիքային խմբերի՝ ուժեղ մարզիկներ ունենք, որոնք մասնակցում են ինչպես միջազգային, այնպես էլ ՀՀ սամբոյի առաջնություններին: Մեր մարզիկները որակավորման և բարոյահոգեբանական վիճակի բարձրացման համար այս առաջնության ընթացքում փորձել են իրենց ուժերն ու ցույց տվել այն ինչ սովորել են», - ասաց Ազատ Անդրյանը և հավելեց, որ մրցանակային առաջին և երկրորդ տեղեր են գրավել՝ 21, իսկ երրորդ մրցանակային տեղը՝ 42 մարզիկ, որոնք արժանացել են մեդալների և դիպլոմների:



