Ավելի լավ կլիներ՝ անվտանգությունը պահպանվեր մեր երկրի դարպասների մոտ․ Թովմասյանը՝ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ
Ազգային ժողովում մեկ-երկու օր է՝ բախվում ենք զինված մարդկանց, ովքեր ապահովում են խորհրդարանի անվտանգությունը: Այս մասին իր ելույթում նշեց ՊՈւ պատգամավոր Թագուհի Թովմասյնանը՝ անդրադառնալով ԱԺ-ում անվտանգության միջոցառումներին։
Նա, մասնավորապես, ասաց․
"Լավ է, որ այն պահպանվում է, բայց շատ ավելի լավ կլիներ, որ անվտանգությունը պահպանվեր մեր երկրի դարպասների մոտ այն դեպքում, երբ մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերը կարողացան սուլելով մտնել Գեղարքունիք և Սյունիք: Մտան ու դուրս չեն գալիս:
Խորհրդարանում սահմանափակված է լրագրողների տեղաշարժը: Բացի այդ, ինքս ականատես եմ լինում, որ լրագրողին զինվորական հագուստով մարդիկ քաշքշում են: Սա անթույլատրելի է: Մենք օրենսդիր մարմնում ենք, և կարծում եմ՝ սրա համար չէր այն պայքարը, որի արդյունքում երկրում իշխանափոխություն տեղի ունեցավ, և թափանցիկության ու ԱԺ դարպասները բացելու խոստումների պայմաններում այսօր ունենք միանգամայն այլ իրավիճակ:
Լիահույս եմ, որ ԱԺ նոր ղեկավարությունը կվերանայի իր որոշումը, եթե այն առկա է,և չի խախտվի ձևավորված ու տարիներ շարունակ պահպանված ավանդույթը, որում լրագրողները ազատ տեղաշարժվել են խորհրդարանում":


