կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Սերժ Սարգսյանն ու իր թիմը ի վերջո պետք է կողմնորոշվեն, թե ինչում են մեզ մեղադրում. Ռուբինյան

Սերժ Սարգսյանն ու իր թիմը ի վերջո պետք է կողմնորոշվեն, թե ինչում են մեզ մեղադրում. Ռուբինյան

Ճիշտ է, որ  իշխանությունը չենք ստացել Սերժ Սարգսյանից, բայց Կարեն Կարապետյանից էլ չենք ստացել: Այս մասին այսօր Առաջին ալիքի եթերում հարցազրույցի ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանն իրենց իշխանություն չի փոխանցել, փոխանցողը եղել է Կարեն Կարապետյանը, արդյոք իրենք տեղյա՞կ են եղել այդ մասին:

Պատգամավորը, մասնավորապես, նշեց. ՛՛Առաջին մասով ճիշտ է, որովհետև հիրավի, ինքը մեզ իշխանություն չի փոխանցել, ինքն իշխանությունը փոխանցել է դրա տիրոջը՝ ժողովրդին, ժողովուրդն էլ հետագայում Նիկոլ Փաշինյանին ընտրել է վարչապետ: Մինչև այդ էլ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովն էր ընտրել որպես վարչապետ՝ ժողովրդի պահանջով: Այսինքն իր հրաժարականի պահին Սերժ Սարգսյանն իշխանություն չուներ, նա ընդամենը ապրիլի 23-ին թղթի վրա արձանագրել էր իրողությունը՛՛:

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին հարցազրույցում հնչեցրած այն մտքին, թե  ՛՛երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման ցնդաբանությունը բերեց պատերազմի՛՛՝ Ռուբինյանն ասաց. ՛՛Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն ու իր թիմը ի վերջո պետք է կողմնորոշվեն, թե ի վերջո մեզ ինչի մեջ են մեղադրում՝ կառուցողակա՞ն լինելու, թե՞ ապակառուցողական լինելու, տարածք զիջելո՞ւ, թե չզիջելու:

Երբ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կիրթ մարդու տպավորություն է թողել, որ հակամարտության ուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, դրա համար մեղադրում էին Նիկոլ Փաշինյանին, ասում էին՝ ինչպես կարելի է այսպիսի բան ասել՝ մոտեցնում եք պատերազմը: Այսինքն՝ իրենք իրոք կարծում են, որ պատերազմները կարող են լինել արտահայտությունների համա՞ր՛՛:

Պատգամավորն անդրադարձավ նաև հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, թե ասվում է, որ ԱԹՍ-ներ չգնեցիք, գեներալներին վարկաբեկեցիք և բանակի զարգացումն այլ հունով տարաք: Այս առնչությամբ Ռուբինյանը նշեց.՛՛Որ ասում են՝ 1000 ԱԹՍ պետք է ձեռք բերվեր 2018-2020 թթ-ին, որքանով ես տեղյակ եմ, պլանում, որը չի փոխվել, նման բան չկա՛՛:

Հարցին՝ ինչո՞ւ եք այդքան թանկ զրահաբաճկոններ ձեռք բերել, Ռուբինյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք է ՊՆ-ին ուղղել: ՛՛Գիտեմ, որ պատերազմի օրերին զրահաբաճկոններ ձեռք բերելու հարցը բավականին շտապ էր՛՛,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցի ժամանակ ասել էր, որ, համաձայն 2018-2020 թթ. պլանի, պետք է ձեռք բերվեր 1000 ԱԹՍ, սակայն, չգիտես ինչու, սպառազինության պլանը փոխվեց նոր իշխանության օրոք: Բացի այդ՝ նա նշել էր, որ ինքն իշխանությունը ՛՛չի հանձնել սրանց՛՛, այլ իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին:

 

  • Կիսվել: