Սարսափում եմ, որ նա երկար տարիներ բանակցություններ է վարել. Միրզոյանը` Օսկանյանի առաջարկն անսթափ անվանեց
Ես մեծ վերապահումով կմոտենայի այն մարդկանց սթափության գնահատմանը, որոնք այսօր ասում են, որ Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները և դա պայմանավորի որևէ բանով: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը կոչ է արել դադարեցնել բոլոր տեսակի բանակցությունները, քանի դեռ բոլոր գերիներին ազատ չեն արձակել:
«Ես սովորաբար ջանքեր եմ գործադրում մեկնաբանություններ չանել կոնկրետ անձանց մասին, բայց այս դեպքում երևի չեմ կարող չանել: Իսկապես առաջարկը գնահատում եմ անսթափ, սարսափում եմ, երբ պատկերացնում եմ որ այդ մոտեցմամբ մարդը երկար տարիներ պատասխանատվություն է ունեցել վարել բանակցությունները: Հասկանում եմ, թե ինչի այդ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, միակ հույսս այն է, որ տարիներ առաջ գոնե սթափության աստիճանը ավելին է եղել:
Մեր կողմից կարող եմ ասել, որ Հայաստանը խստորեն և անկեղծորեն շահագրգռված է խաղաղության բանակցությունները շարունակելու մեջ, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ, և մենք մեր կառուցողական ջանքերը գործադրելու ենք, որ այդ խաղաղությունը օր առաջ իրականություն դառնա և բոլոր եղած խնդիրներն էլ լուծվեն, այդ թվում և գերիների և պահվող անձանց ազատ արձակման հարցը: Դա մեր առաջնահերթություններից մեկն է և մեր օրակարգում է»,-ասաց Միրզոյանը:
Անդրադառնալով ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիային, ԱԳ նախարարն ասաց. «Կրկին զավեշտալի է, որ բողոքի ակցիան պահանջում էր, որ ԱԳՆ-ն հայտարարություն անի, այն պահին, երբ որ ԱԳՆ-ն արդեն հայտարարություն արել էր։ Բազմիցս ասել ենք, որ միայն անպագորգոռ հայտարարություններով չի և միայն հրապարակային երևացող գործունեությամբ չի, որ մենք հետամուտ ենք լինում պահվող անձանց, ռազմագերիների օր առաջ ազատ արձակմանը: Դրա համար մենք գործադրում ենք մեր բոլոր ջանքերը, նախ և առաջ դիվանագիտական խողովակներով:
Բայց բաներ կան, որ տեսանելի են, և ես զարմանում եմ, որ օրինակ գործընկերները կամ չեն տեսնում, կամ ջանք չեն գործադրում այդ մասին իմանալու, կամ գիտեն, չեն նշում, որովհետև հարմար ասել՝ ոչինչ չի արվում։
2020 թվականի պատերազմից ի վեր 150-ից ավել գերի է եղել և նրանց մեծ մասը հիմա ազատության մեջ է:
Բայց ես ուզում եմ մի քանի տեսանելի բաներ թվարկեմ մի շաբաթվա, 10 օրվա թարմության. ԱԳՆ-ն հայտարարություն արել է այս մասին, Ժնևում մարդու իրավունքների խորհրդում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, որը թերևս այս հարցով ամենա պատկառելի և վերաբերելի կառույցներից մեկն է, ես ունեցել եմ ելույթ հրապարակային, որտեղ մի ահագին մաս նվիրել եմ գերիների թեմային և շինծու դատավարությունների թեմային, և այդ դատավարություններում գերիների ոտնահարվող իրավունքների, խոշտանգումների, ապօրինի ներգործությունների թեմային։
Ես հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ, ես հանդիպել եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ, կրկին այս հարցի ամենակարևոր օղակներից մեկը: Օրեր անց մեր հանդիպումից 2-3 օր անց մարդու իրավունքների բարձր հանձնակատարը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին օր առաջ ազատ արձակել բոլոր հայ ազգի պահվող անձանց։ Սա դեռ 10 օրն եմ թվարկում և մենակ երևացող բաները»,-ասաց Միրզոյանը: