երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Կընդլայնվեն Կառավարության լիազորությունները՝ խթանելու տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտում նոր տրանսպորտային միջոցների ներգրավումը. նախագիծ

Կընդլայնվեն Կառավարության լիազորությունները՝ խթանելու տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտում նոր տրանսպորտային միջոցների ներգրավումը. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ «Տրանսպորտի մասին» օրենքում լրացումը միտված է ստեղծել, սահմանել լիազորող նորմ, որը թույլ կտա Կառավարությանը ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում դրանց զարգացման, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների ավելացման, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրանսպորտային միջոցների և տրանսպորտային պարկի թարմացման ուղղությամբ հաստատել աջակցության ծրագրեր:

Ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացումը արդի, անվտանգ, շրջակա միջավայրին նվազ վնաս հասցնող տրանսպորտային միջոցներով կարևոր նշանակություն ունի տրանսպորտային ծառայությունների բարձր մակարդակի ապահովման համար: Նշված մակարդակի ապահովման համար մեծ նշանակություն կարող է ունենալ պետության կողմից տրանսպորտային ծառայությունների մատուցման տարբեր ոլորտներում աջակցության ծրագրերի իրականացումը:

Նախագծի մշակումը նպատակ ունի օրենքով օժտել Կառավարությանը լիազորությամբ՝ հաստատելու աջակցության ծրագրեր՝  ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով  նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ծավալները ավելացնելու համար:
 
Նախագծի ընդունմամբ կընդլայնվեն Կառավարության լիազորությունները՝ ֆինանսական աջակցության տարբեր գործիքակազմերով խթանելու Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտում նոր տրանսպորտային միջոցների ներգրավմանը, ոլորտում ծավալային ցուցանիշների բարելավմանը:
 
Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով սահմանված է կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառի բարեփոխումների իրականացում, որի շրջանակներում նախատեսվում է ներդնել միասնական երթուղային ցանց:
 
Միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների որակի բարձրացման համար իրականացվող բարեփոխումները պայմանավորված են երթուղիների օպտիմալացման և մրցութային գործընթացով սպասարկման իրավունքի տրամադրման պայմանների փոփոխությամբ, այն է՝ նախկինում 1 երթուղի՝ 1 սպասարկող օպերատոր սկզբունքից անցում կատարելով մեկ տարածաշրջանի կամ մարզի երթուղիներ՝  1 սպասարկող օպերատոր սկզբունքին, այսպիսով ձևավորելով միասնական երթուղային ցանցը ՀՀ ամբողջ տարածքում:
 
Արդյունքում՝ նոր սկզբունքին համապատասխան ձևավորվող միասնական երթուղային ցանցի ներդրման համար անհրաժեշտ է իրականացնել մեծ ծավալի ներդրումներ մարզի կամ տարածաշրջանի բոլոր երթուղիները սպասարկելու նպատակով տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար:
 
Միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով որոշ մարզերում հայտարարված մրցույթները չեն կայացել հայտերի բացակայության պատճառով, ինչը կապված է մեծ ներդրումների բիզնես ռիսկերի հետ: Որոշ դեպքերում մրցույթներին մասնակցության միայն մեկ հայտ է ներկայացվում, ինչը բացառում է առողջ մրցակցությունը:
 
Միասնական երթուղային ցանցի գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև Կառավարության աջակցությամբ տրանսպորտային համակարգի զարգացմանն ուղղված միջոցառումները կյանքի կոչելու նպատակով մշակվել է օրենքի նախագիծը:
 
Բացի դրանից՝ հանրապետության տարածքում տրանսպորտի այլ տեսակներով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման, հանրապետության տարածքում էլեկտրաշարժունակության բարձրացման, քաղաքային համայնքներում օդի աղտոտվածության նվազեցման նպատակով անհրաժեշտություն է առաջանում աջակցության ծրագրեր իրականացնել էլեկտրատրանսպորտի և մետրոպոլիտենի զարգացման նպատակով: Երևան քաղաքում մետրոպոլիտենի զարգացումը, նոր կայարանների կառուցումը կարևոր նախապայման է տրանսպորտային բեռնաթափման, խցանումների նվազեցման, օդի աղտոտվածության նվազեցման համար:
 
Օդային և երկաթուղային տրանսպորտի ոլորտում աջակցության ծրագրերը կարող են կիրառվել ենթակառուցվածքների զարգացման, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների ավելացման համար:
 
Օրենքի նախագծի ընդունումը ՀՀ կառավարությանը հնարավորություն կտա տրանսպորտի առանձին տեսակներով փոխադրումներ իրականացնող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեությանը աջակցելու նպատակով իրականացնել տարաբնույթ աջակցության ծրագրեր, որոնք կխթանեն տրանսպորտային պարկի թարմացումը, կբարձրացնեն ոլորտում մատուցվող ծառայությունների որակը, կնպաստեն տրանսպորտային համակարգի զարգացմանը և հանրապետության բնակչության շարժունակության բարելավմանը:

  • Կիսվել: