Ձևակերպումը, թե ինչ է տեղի ունենալու ՀէՑ-ի հետ, կախված է նրանից, թե ամեն մեկը իրեն ոնց է դիրքավորում այդտեղ. Արման Եղոյան
Ձևակերպումը, թե ինչ է տեղի ունենալու ՀէՑ-ի հետ, կախված է նրանից, թե ամեն մեկը իրեն ոնց է դիրքավորում այդտեղ: Եթե դուք ձեզ դիրքավորում եք որպես ՀԷՑ-ի ներկա սեփականատերերի շահերի պաշտպան, ապա ձեր ընկալմամբ դա պետք է ընկալվի որպես խլել, մի բան, որը ձեզնից կամ ձեր կողմից պաշտպանված մարդկանցից է պակասելու: Բայց եթե դուք ընկալում եք ազգայնացումը կամ պետականացումը որպես ՀՀ քաղաքացի, ում վերադարձվելու է ՀԷՑ-ը, ապա դա չի լինելու խլել:
Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանին հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի մեղադրանքներին, ըստ որոնց՝ իշխող խմբակցությունը «ՀԷՑ-ը խլելու» նախագիծ է ներկայացրել ԱԺ:
«Դա լինելու է պետականացնել ճիշտ այն ձևով, երբ ԶՊՄԿ-ի 24 տոկոսի ժամանակ էիք ասում խլել, այն դեպքում, երբ դա ձեզ է վերադարձվել: Խլվել է այն ժամանակ, երբ դադարել է պետական մասնակցությունը, խլվել է «Հայռուսգազարդը» ժամանակին, խլվել է վերջին 20 տոկոսը ժամանակին, երկաթուղիները, ՀԷՑ-ը ժամանակին՝ 2002-ին մասնավորեցվելուց: Այդ ժամանակ ձեզնից, մեզանից խլել են ՀԷՑ-ը և տվել մասնավորին, ու այնքան վատ է կառավարվել այն ժամանակին, որ 2015-ին ԲԷՑ-ը կանգնեց ճգնաժամի առաջ ու հանձնվեց ներկա սեփականատերերին»,- ասաց Եղոյանը՝ ընդգծելով, որ այնքան վատ է կառավարվել ՀԷՑ-ը, որ հիմա նորից ճգնաժամի առաջ ենք կանգնել:
Նա Գրիգորյանին խորհուրդ տվեց կողմնորոշվել՝ ով ումից է խլում ՀԷՑ-ը, կամ ով է վերցնում և ումից է վերցնում:
Թեմային արձագանքեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Խոսքն ուղղելով Աննա Գրիգորյանին՝ պատգամավորը հայտարարեց. «Իմ ընկալմամբ՝ ձեր թիմի նոր առաջնորդը կամ նոր թիմի առաջնորդը կարող է ձեզ հատորներով պատմել, թե կոնկրետ ՀՀ-ից ինչն է խլել և ում է տվել: Այսինքն՝ «Իմ քայլը» դաշինքում ձեր հետ եղած կարճ ժամանակահատվածի ընթացքում գոնե փորձառու գործընկերների կողմից պիտի հասցրած լինեք լսել ու սովորել, թե ինչն են խլել, ումից են խլել, ոնց են խլել: Օրինակ՝ ո՞նց է ԶՊՄԿ-ում Վահե Հակոբյանի ընտանիքը կամ մերձավոր շրջապատը փայատեր դարձել»: