Այն, ինչ Բագրատ Գալստանյանը ծրագրում էր անել ՀՀ-ում և ժողովրդի հետ, Հայաստանի ժողովրդի հետ արել են միայն օտար նվաճողները. Կոնջորյան
Մի քանի օր առաջ ՀՀ իրավապահ մարմինները կանխեցին, բացահայտեցին մի այլանդակ և ահասարսուռ ահաբեկչության փորձ, որի կազմակերպիչն ու պարագլուխն ընդդիմության քաղաքական հոգեհանգիստը մի քանի անգամ կազմակերպած Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական թիմակից Կտրիճ Ներսիսյանի օրհնությունը ստացած Բագրատ Գալստանյանն էր: Այդ մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ՀՀ իրավապահ մարմինների կողմից բացահայտված «ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններին»:
«Շատերն այս օրերին համեմատական են անցկացնում Հոկտեմբերի 27-ի և այս ահաբեկչության փորձի հետ: Բայց ես ուզում եմ ասել, որ հաջողության պարագայում, Աստված մի՛ արասցե, սա մի քանի անգամ, բազմապատիկ ավելի ահասարսուռ ահաբեկչություն էր լինելու, քան թե Հոկտեմբերի 27-ը:
Ինչո՞ւ. որովհետև Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության թիրախները նստած էին այս դահլիճում, ՀՀ ղեկավարությունը: Այս ահաբեկչության թիրախներն այս դահլիճից դուրս գտնվող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին կարող էր լինել: Յուրաքանչյուր քաղաքացի կարող էր դառնալ Բագրատ Գալստանյանի կողմից կազմակերպվող և ընդդիմության կողմից խրախուսվող ահաբեկչության թիրախը:
Այն, ինչ Բագրատ Գալստանյանը ծրագրում էր անել Հայաստանում և Հայաստանի ժողովրդի հետ, Հայաստանի ժողովրդի հետ արել են միայն օտար նվաճողները,- ասաց նա և հավելեց.- այս ահաբեկչության ծրագիրը միայն կարող էր անել ՀՀ-ն և հայ ժողովրդին խորապես ատող մարդը կամ հանրույթը, և դա պատահական էլ չէ»:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ըստ հաղորդագրության՝ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։