կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուս սահմանապահները կտեղակայվեն մոտ մեկ տասնյակ սահմանային կետերում, հետո կլինի զինված ուժերի ետքաշում մշտական տեղակայման վայրեր. Փաշինյան

Ռուս սահմանապահները կտեղակայվեն մոտ մեկ տասնյակ սահմանային կետերում, հետո կլինի զինված ուժերի ետքաշում մշտական տեղակայման վայրեր. Փաշինյան

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գորիսում բնակիչների հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեց արցախցիներին ցուցաբերած աջակցության համար: 

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև սահմանային անվտանգությունից:

«Մեր դիրքորշումն աներկբա է, և այն պաշտպանում են մեր մյուս գործընկերները ևս: Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան մեր սահմաններից: Այլ կարծիք լինել չի կարող: Մենք սերտորեն աշխատում ենք ՌԴ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ: Ռուսաստանյան սահմանապահները կտեղակայվեն սահմանի երկայնքով մոտ մեկ տասնյակ սահմանային կետերում, որից հետո կլինի զինված ուժերի ետքաշում մշտական տեղակայման վայրեր:

Այնուհետև նախատեսված է միջազգային հովանու ներքո սահմանի դեմարկացիա, դելիմիտացիա Սոթք-Խոզնավար հատվածում: Գորիս-Մեղրի հատվածի սահմանային պահպանության խնդիրների առնչությամբ էլ ասեմ, որ Կառավարությունը 2,5 մլրդ դրամ է հատկացրել, որպեսզի սահմանապահ ուղեկալներ կառուցվեն և սահմանայաին պահպանությունը լինի բարձր մակարդակով:  Առաջիկայում այս սահմանային հատվածը կլինի լիարժեք վիճակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիմելով Գորիսի գործարարներին՝ Նիկոլ փաշինյանը նշեց, որ գիտեն նրանց ծառայությունների, զոհողությունների և նվիրատվությունների մասին: Նա ընդգծեց, որ դժվար պահին նրանց մենակ չեն թողնի, և որ յուրաքանչյուրի ծառայությունն ու վաստակը նկատված է, և դա արժանի է պետական ամենաբարձր մակարդակով գնահատանքի:

«Այսօր միասնության ավտոերթ ենք կազմակերպել Երևանից դեպի Սյունիքի մարզ: Եվ դա արել ենք երկու նպատակով: Առաջին հերթին ցույց տալ, որ թույլ չենք տա, որ որևէ մեկը Սյունիքը հակադրի մնացած Հայաստանին կամ հակառակը, ցույց տալ, որ Հայաստանը միասնական է, ցույց տալ, որ միասնականությունն է մեր բոլոր խնդիրների լուծման ճանապարհը: Չկա առանձին վերցրած շիրակցի, տավուշցի, լոռեցի… Մեր երակներում միևնույն արյունն է հոսում: Մենք մի օջախ ենք, մի ընտանիք, թույլ չենք տա, որ մեզ միմյանց դեմ հանեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով մարզի խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանն առանձնացրեց արոտավայրերի սակավությունը: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ նա նշեց, որ ՀՀ-ում կա 1 մլն հա արոտավայր, որից օգտագործվում է ուղիղ կեսը: Այսինքն՝ երկրում առկա է 500 հազար հա արոտավայր, որը չի օգտագործվում: Եվ այսօր խնդիր կա ճիշտ կառավարել եղած ռեսուրսները: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ չօգտագործման պատճառներից է արոտավայրեր տանող ճանապարհների բացակայությունը:

Կառավարությունը, ուշադրության կենտրոնում պահելով խնդիրը, առաջիկայում նախատեսում է բարենպաստ պայմաններ ստեղծել այդ ուղղությամբ: Ապագայի ծրագրերից զատ, Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ հրատապ անելիքների անհրաժեշտություն են տեսնում: Սյունիքի մարզի այն ֆերմերային տնտեսությունները, որոնք ունեն խնդիր արոտավայրերի ու խոտհարքների կորստի հետ կապված, կստանան աջակցության ծրագրեր:

 

  • Կիսվել: