կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները խմելու ջուր են հասցրել Ասկերանի մի քանի գյուղերի բնակիչներին. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները խմելու ջուր են հասցրել Ասկերանի մի քանի գյուղերի բնակիչներին. ՌԴ ՊՆ

Արցախում խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները մարդասիրական օգնություն են տրամադրել Ասկերանի շրջանի մի շարք բնակավայրերի բնակիչներին:

Այս մասին կարդում ենք Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում, որտեղ  ասված է, որ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը նպաստում է կյանքի պայմանների բարելավմանն ու սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանը:

Բնակիչների եւ տեղական ինքնակառավարման մարմինների դիմումի հիմքով  ռուս խաղաղապահները մարդասիրական օգնության շրջանակում խմելու ջուր են հասցրել Ասկերանի շրջանի մի քանի բնակավայրեր՝ Խնաբադ, Նախիջեւանիկ, Վարդաձոր, որոնցում ջրամատակարարման խնդիր կա: Նշվում է, որ այս համայնքներում տեւական ժամական ջրամատակարարման խնդիր է եղել, իսկ խմելու ջրի ջրհորները՝ դատարկ:

Բացի այդ, խաղաղապահ առաքելության ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնելու ճանապարհային երթեւեկությունը, սոցիալական օբյեկտների եւ բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջեռուցումը: Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ապահովվում է սնունդի եւ առաջին անհրաժեշտության պարագաների անվտանգ մատակարարումը հեռավոր բնակավայրեր: «Խաղաղապահ ուժերը նախատեսված են նաեւ տեղի բնակչությանն օգնելու համար:

Մեր ղեկավարությանը հասցեագրվել էր Ասկերանի շրջանի ադմինիստրացիայի դիմումը՝ խմելու մաքուր ջրի բացակայության հարցով: Այդ պատճառով մենք եկել ենք օգնելու»,-խաղաղապահ առաքելության մայոր Դմիտրի Պաշկինի խոսքերն է մեջբերում ՌԴ ՊՆ-ն: Նրա խոսքով՝ խաղաղապահները պարբերաբար օգնելու են բնակչությանը խմելու ջուր հասցնելու հարցում:

  • Կիսվել: