Մոլդովան Ռուսաստանին բողոքի նոտա է հանձնել հինգ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների թռիչքից հետո
Մոլդովայի ԱԳՆ-ն Քիշնևում կանչել է Ռուսաստանի դեսպանին և բողոքի նոտա հանձնել նրան այն բանից հետո, երբ հինգ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ անցել են երկրի օդային տարածքով։ Այս մասին հայտնել են Մոլդովայի Արտաքին գործերի նախարարությունից, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ օբյեկտները պայթել են հանրապետության չորս շրջաններում գտնվող բնակավայրերի մերձակայքում։
Ըստ Մոլդովայի ԱԳՆ-ի՝ միջադեպը սպառնալիք է ստեղծել քաղաքացիների կյանքի և անվտանգության համար, ինչպես նաև հանգեցրել է հրդեհների և նյութական վնասների։ Գերատեսչությունը Ռուսաստանից պահանջել է հարգել Մոլդովայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և թույլ չտալ նման միջադեպերի կրկնություն։
Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովին արդեն բազմիցս կանչել են Մոլդովայի ԱԳՆ՝ երկրի օդային տարածքի խախտումների կապակցությամբ, Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին։ 2025 թվականի փետրվարին Քիշնևը նույնպես ռուս դիվանագետին բողոքի նոտա էր հանձնել Մոլդովայի տարածքի վրայով մի քանի անօդաչու թռչող սարքերի թռիչքից հետո։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոլդովայի տարածքում հրթիռներ և ԱԹՍ-ներ են պայթել:



