շաբաթ, հոկտեմբեր 3
3 / 10 / 2026
ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են համաձայնության գալ, թե որ ոլորտներում չպետք է կիրառվի ԱԲ. Բեսենտ

ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են համաձայնության գալ, թե որ ոլորտներում չպետք է կիրառվի ԱԲ. Բեսենտ

ԱՄՆ-ն ու Չինաստանը կարող են համաձայնության հասնել այն հարցում, թե որ ոլորտներում չպետք է կիրառվեն արհեստական բանականության տեխնոլոգիաները: Այս մասին Axios պորտալին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նկատի ունենալով ԱԲ մոդելները՝ նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ՝ մենք կարող ենք համաձայնության գալ այն հարցում, թե կոնկրետ ինչ չպետք է անեն մոդելները»:

Նախարարը նաև կողմ է արտահայտվել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ԱԲ-ին առնչվող հարցերով որևէ ծանուցման գործընթացի առկայությանը: Նա վստահություն է հայտնել, որ Պեկինը համաձայնության կգա դրան:

Այն հարցին, թե արդյոք, նրա կարծիքով, նպատակահարմա՞ր է երկու երկրների միջև իրենց մշակած ԱԲ մոդելների հնարավորությունների մասին տեղեկատվության փոխանակումը, Բեսենտը պատասխանել է. «Հավանաբար՝ ոչ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի վերջին հայտարարել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը չի ձգտում Չինաստանի հետ սերտ համագործակցության ԱԲ մշակման ոլորտում, քանի որ չի ցանկանում գաղտնի տվյալների բացահայտում:

Թրամփը հավելել էր, որ այս թեման քննարկել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ սեպտեմբերի 23-25-ը ԱՄՆ կատարած նրա այցի ընթացքում: Սպիտակ տունը չինացի ղեկավարի այցի արդյունքներով հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են հասել ԱԻ-ին առնչվող տարբեր միջադեպերի քննարկման համար կապի ուղի ստեղծելու շուրջ:

 

  • Կիսվել: