հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Լարված իրավիճակ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում․ բնակիչները 4 ամիս է՝ խմելու ջուր չունեն և սպառնում են դիմել կտրուկ գործողությունների

Լարված իրավիճակ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում․ բնակիչները 4 ամիս է՝ խմելու ջուր չունեն և սպառնում են դիմել կտրուկ գործողությունների

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Վեդի խոշորացված համայնքի Եղեգնավան բնակավայրի 1-ին փողոցի 75-ից ավելի տան բնակիչներ զայրացած հավաքվել են գյուղում ու ուզում են ստանալ պատասխան Արարատի մարզպետարանից և «Վեոլիա Ջուր» ընկերությունից։

Իսկ Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանից ոչ մի հույս չունեն։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում են․ «Արդեն 3-4 ամիս է, խմելու ջուր էս 75 տուն ընդհանրապես չի հասել։ Արդեն 3-4 ամիս է, մեր ու մանուկ, ահել-ջահել խմելու ջրի կարոտ են։

Վեդի խոշորացված համայնքի ղեկավարին էլ ընդհանրապես դիմելու կարիք չենք տեսնում։ Եթե նա մի քիչ պետական մտածելակերպ ունենար ու արժևորեր մարդու կյանքը, գոնե էս 3-4 ամսվա մեջ մի անգամ կգար գյուղ, կտեսներ՝ ինչով կարող է բնակիչներին օգնել, բայց ոչ մի անգամ չեկավ։ Երևի մտածում է, որ մենք պիտի կոկորդիլոսի նման արտեզյան ջրով ապրենք։

Ով է տեսել՝ 3-4 ամիս մի կաթիլ ջուր չստանա սպառողը, էն էլ 21-րդ դարում։

Սկզբից «Վեոլիա Ջուր» զանգում էինք, սիրահոժար պատասխանում էին, հիմա ընդհանրապես չեն էլ արձագանքում մեր հեռախոսազանգերին։ Հավանաբար համարներն իրենց մոտ ֆիքսած է, տեսնում են ու չեն վերցնում։ Քարե դարում անգամ էս վիճակում չենք ապրել, ոնց որ հիմա ենք ապրում։ Տուն կա՝ 5-8 անչափահաս երեխա, տուն կա՝ 3 զինվոր է տվել, բա զինվորը արձակուրդ գա ու ջուր չլինի, որ էդ սահմանապահ հերոսը լողանա։ Գնում ենք կողքի գյուղերից ավտոներով խմելու ջուր բերում, քանի որ խանութներում հենց ջուր են ստանում՝ 30 րոպեում այն սպառվում է։

Ուզում ենք հավատալ, որ Արարատի մարզպետը միջոցներ կձեռնարկի, որպեսզի խնդիրը կարգավորվի, գոնե օրական 6-7 ժամ ջուր տան։

Ջրի ծորակը բացում ենք, մենակ օդ է գալիս, ու ստացվում է, որ «Վեոլիա Ջուր»-ը մեզ նաև խաբում է։

Ջուր չունենալով՝ վճարում ենք կատարում։

Եթե այս 2 օրվա ընթացքում խնդիրը չկարգավորվի, էլ տեղ չկա, դիմելու ենք կտրուկ միջոցների, անգամ Երևան-Արարատ գլխավոր ճանապարհն ենք փակելու, ու էդ ժամանակ Վեդիի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հանկարծ չփորձի գա ու «կոկորդիլոսի արցունք թափել», թե ես տեղյակ չեմ։

Լավ էլ տեղյակ է, ու ցավ ենք ապրում, որ չի փորձում «Վեոլիա Ջուր»-ին պարտավորեցնի, որ ջրի հարցը լուծի»։

  • Կիսվել: