երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քոչարյանին սատարողները ծեծել են ընկերոջս. պատգամավոր

Քոչարյանին սատարողները ծեծել են ընկերոջս. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից երկրաշարժի զոհերի հիշատակին Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու մասին իր գրառումը դարձել է հաշիվ պարզելու, ծեծկռտուքի թեմա։ Քոչարյանին սատարողները ծեծի են ենթարկել իր ընկերոջը, որի միջոցով սպառնացել են նաև իրեն։

Պատգամավորը, մասնավորապես, գրել է.

«Գրառում էի կատարել դեկտեմբերի 7-ին Քոչարյանի կողմից ուղարկած ծաղկեպսակի հետ կապված։
Երեկ` օրվա ընթացքում, Գյումրիում բնակվող Շեկո մականվամբ մեկը և Կարո անունով մյուսը, մի քանի անգամ փորձել են տարբեր ընկերներիս միջոցով հանդիպել ինձ հետ՝ թե բա «խոսելու բան կա»։ Հետո իմացել եմ, որ ուզել են ինձ ներկայացնել, թե իրականում իբր ծաղկեպսակը դողալով չեն տարել, բարձր գլխով են տարել և դուխները տեղը...

Ինչևէ, հանդիպումների փորձին պատասխան եմ ուղարկել, որ կարող են հանդիպել քաղաքացիների հետ կազմակերպվող հանդիպման ֆորմատով՝ մեր գրասենյակում։

Իրեն երևի չբարարված զգալով՝ այսօր գիշեր ժամը 1-ի մոտակայքում Շեկո մականվամբ երիտասարդն ու էլի մեկը, նախապես հետևելով ինձ ու ընկերոջս, սպասել են, որ նա ինձ տուն իջեցնի ու մնա մենակ, Գյումրու Անի թաղամասում մոտեցել են նրան։ Հարցրել են՝ Սարուխանյանը քո ի՞նչն է, ընկերս պատասխանել է՝ ընկերս է․ դրանից հետո սրանք սկսել են խփել ընկերոջս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Որպես վերջաբան էլ սպառնացել են, թե՝ գնա ու Կարենին փոխանցիր, որ հաջորդն ինքն է լինելու...

Բնականաբար այս դեպքի հետ կապված կա տրված հաղորդում Գյումրու ոստիկանության Մուշի բաժնում։
Բայց ի լրումն սրա ասեմ՝ հարգելի շեկո ու նմանատիպ գոյացություններ, բախտներդ ուղղակի բերել է, որ կարգավիճակս ցավոք թույլ չի տալիս ձեզ համարժեք պատասխան տալ։ Գործը պետք է քննվի օրենքի շրջանակում, ինչին, ակնկալում եմ, կհետևի համաչափ պատիժ»։

Ինչպես գրում է armlur.am-ը` իշխանական խմբակցության պատգամավորի մատնանշած Շեկոն Գարիկ Օզունյանն է, որը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եղել է ԲՀԿ-ի պատգամավորի թեկնածու:

 

Իսկ ահա նրա հետ եղած մյուս անձը Կարապետ Պողոսյանն է, որն էլ եղել է ՀՀԿ-ի թեկնածու, իսկ այժմ «Ադեկվատ»-ի թիմի անդամ է:

 

Ըստ armlur-ի՝  պատգամավոր Կարեն Սարուխանյանի՝ բռնության ենթարկված ընկերը քաղաքական ասպարեզում հայտնի չէ. թերեւս հայտնի է միայն պատգամավորի ընկերը լինելով:

  • Կիսվել: