Քոչարյանի և Սարգսյանի ժամանակ ձեռք բերված սպառազինության հանրագումարն ավելի մեծ է, քան 2018-ից հետո ձեռք բերվածը․ Օհանյան
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ ձեռք բերված սպառազինության հանրագումարն ավելի մեծ է, քան 2018-ից հետո ձեռք բերվածը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա անտեղի համարեց այն համեմատությունները, որոնք տանում են ՔՊ-ական պատգամավորները՝ իրենց և նախկին իշխանությունների օրոք ձեռք բերված սպառազինությունների ծավալի և որակի միջև․
«Առաջին խոշոր ռազմատեխնիկական համագործակցության՝ ՌԴ-ից զինամթերքի ներկրման պայմանագիրը կնքվել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, և նրա ժամանակ էլ առաջին C-300-ները՝ 3 համակարգ, բերել ենք այստեղ։ ՌԴ-ը երկու ԻԼ-76 ինքնաթիռ է նվիրել, գումարած դրան՝ մեկ ԻԼ-76 ինքնաթիռ մենք գնել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ։ Եվ այդ բոլորի հանրագումարն ավելի մեծ է, քան տարբեր պատգամավորների նշած թվերի համեմատությունները՝ միլիոնների առումով», - ասաց Օհանյանը։
Նա հավաստեց նաև, որ իր պաշտոնավարման ժամանակ 1300 ինքնաթիռաչվերթ սպառազինություն է ներկրվել ՌԴ-ից, այդ թվում՝ C-300-ի ևս երեք համակարգ, «Տոչկա-Ու», «Իսկանդեր»։
«Այդ ամենը խոսում է այն մասին, որ սպառազինության մատակարարման գործընթացը անընդհատ է եղել ՀՀ ԶՈՒ-ում, և անհամեմատելի են այն գործողությունները, որոնք կատարվել են մինչև 2018 թվականը և 2018 թվականից հետո», - ասաց Սեյրան Օհանյանը։


