Քննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության և արհեստական բանականության ոլորտներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպում է ունեցել Զիմբաբվեի Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովուի հետ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տեխնոլոգիական կրթության, արհեստական բանականության և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Զիմբաբվեում հայկական տեխնոլոգիական կրթության հաջողված մոդելների փորձի կիրառմանը, ԱԲ, ռոբոտաշինության և ինժեներական ուղղություններով կրթական ու վերապատրաստման ծրագրերի իրականացմանը:
Կողմերն անդրադարձել են նաև շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության ոլորտում հայկական ԱԲ լուծումներին և տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին՝ ուղղված կլիմայական ռիսկերի գնահատմանը, երաշտների կանխատեսմանն ու բնական ռեսուրսների կառավարմանը:
Քննարկվել են նաև պետական համակարգի թվայնացման և հանրային ծառայությունների ավտոմատացման ուղղությամբ Հայաստանի հաջողված փորձի փոխանակման հեռանկարները:



