չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Քաղաքացիական հասարակության հայտարարությունը Երևանի Սպանդարյանի բազալտի հանքավայրի շահագործման նախագծի դեմ

Քաղաքացիական հասարակության հայտարարությունը Երևանի Սպանդարյանի բազալտի հանքավայրի շահագործման նախագծի դեմ

«Տրավ Սթոուն Գրուպ» ՍՊԸ-ն մտադիր է շահագործել  Երևանի Սպանդարյանի բազալտի հանքավայրը:

Ներկայումս Երևանում ոչ մետաղական հանքավայրերից օգտակար հանածոների արդյունահանման 21 ընդերքօգտագործման իրավունք է տրամադրված: Մայրաքաղաք Երևանում շահագործվող հանքերը բացասական ազդեցություն ունեն առանց այն էլ շինարարական փոշով ու տրանսպորտային ծխագազերով ծանրաբեռնված Երևանի մթնոլորտային օդի վրա: Աղտոտում են օդը փոշով, բեռնատարների արտանետումներով, ոչնչացնում են մայրաքաղաքի լանդշաֆտը, տարածքներն աղտոտում թափոններով, լցակույտերով, մեքենաների յուղերով, առաջացնում են աղմուկ: Հանքերը շահագործող ընկերություններն իրենց ընդերքօգտագործման պայմանագրերով չունեն Երևան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման աջակցմանն ուղղված պարտավորություններ: Այս ընկերությունների կողմից չեն իրականացվում բնապահպանական միջոցառումներ, փոշու արտանետումների մեղմման, կանաչ գոտիների ստեղծման աշխատանքներ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոն ՊՈԱԿ-ի համաձայն՝ վերջին 5 տարիների ընթացքում Երևանում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման միտում:

Մայրաքաղաքի օդը մաքրող, պաշտպանական նշանակության կանաչ գոտիները ոչնչացված են: Երևանի պատմական հիմնական կանաչ տարածքները, որոնք ներառում էին Նորքի անտառը, Դալմայի այգիները, «Հաղթանակ» զբոսայգու պուրակները և հարակից Բանջարանոցային շրջանը, այլևս չկան: Շարունակվում է բակային փոքրիկ կանաչ պուրակների, հանրային տարածքների ոչնչացումը: Այս տարածքներում իրականացվել և շարունակում են իրականացվել քաղաքաշինական ծրագրեր՝ երևանցիներին զրկելով մաքուր օդ ունենալու հնարավորությունից: Երևանին թթվածնով ապահովող Ջրվեժի արգելոցապարկային համալիրը ոչնչացումից փրկվեց բացառապես քաղաքացիական հասարակության պայքարի արդյունքում: Իսկ Երևանի բուսաբանական այգին, որը շատերի բիզնես ծրագրերի համար համեղ պատառ է, դեռ պահպանվում է, քանի որ գտնվում է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ենթակայության ներքո: 

Երևանում կանաչ տարածքը մեկ բնակչին ընկնող տիպային հարաբերակցությամբ հաշվարկվել է 7,6 մ2: Այս թվի համար որպես կանաչ գոտիներ են դիտարկվել նաև գերեզմանոցները: Անգամ նման պարագայում 7,6 մցուցանիշը ցածր է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից սահմանված նվազագույն արժեքից, որը մեկ բնակչին ընկնող տիպային հարաբերակցությամբ 9 մ2  է:

Նման պայմաններում մենք՝ ներքոստորագրյալներս, դեմ ենք Երևանում նոր հանքավայրի շահագործմանը, երբ մայրաքաղաքի ընդերքօգտագործողների նկատմամբ չկան խիստ պահանջներ բնապահպանական և սոցիալական պարտավորությունների ստանձնման և կատարման մասով, չկա խիստ վերահսկողություն և պատասխանատվություն:

Պահանջում ենք.

  • Մերժել ցանկացած նոր հանքի շահագործման համար թույլտվության տրամադրումը մինչև այս ոլորտում առկա խնդիրների լուծումը
  • Վերանայել Երևանում գործող ընդերքօգտագործողների ընդերքօգտագործման պայմանագրերը՝ սահմանելով հստակ պահանջներ բնապահպանական և սոցիալական պարտավորությունների ստանձնման համար
  • ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգումների իրականացում Երևանի հանքերը շահագործող ընկերություններում և արդյունքների հրապարակում
  • Ուսումնասիրության իրականացում, թե Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից սահմանված նվազագույն արժեքին համապատասխան մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածք չունենալը, տարբեր տարրերով հագեցած փոշով և ծխագազերով Երևանի մթնոլորտային օդի աղտոտվածությունը, հողի աղտոտվածությունը, աղմուկն ինչ ազդեցություն է գործում երևանցիների առողջության վրա և միջոցառումների սահմանում այդ ազդեցության մեղմման համար:

ԷկոԼուրը կոչ է անում միանալ այս հայտարարությանը բոլոր երևանցիներին, ակտիվիստներին և հասարակական կազմակերպություններին:  

  • Կիսվել: