Վրաստանում թմրանյութերի վաճառքի կասկածանքով Թուրքիայի և Մոլդովայի քաղաքացիներ են ձերբակալվել
Աջարիայում թմրանյութերի վաճառքի կասկածանքով ձերբակալվել են Մոլդովայի երեք և Թուրքիայի չորս քաղաքացիներ, հայտնում է Новости-Грузия-ն՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։
Օտարերկրացիների բնակության վայրերում կատարված խուզարկությունների արդյունքում ոստիկանությունն առգրավել է տարբեր թմրանյութեր՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերով՝ մետադոն, մեֆեդրոն, պրեգաբալին, մարիխուանա, ինչպես նաև կանեփի թփեր, որոնք աճում էին հատուկ սարքավորված ջերմոցներում։
Որպես իրեղեն ապացույց գործին կցվել են էլեկտրոնային կշեռքներ, թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ տարբեր նյութեր և ջերմոցների սարքավորումները։
Քննությունը շարունակվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման-պահպանման, թմրանյութերի ապօրինի իրացման փորձի, ինչպես նաև թմրանյութ պարունակող բույսերի ապօրինի մշակման փաստերով, նշել են գերատեսչությունում։Մեղավոր ճանաչվելու դեպքում մեղադրյալներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։